Ահաբեկչություն Ստամբուլի օդանավակայանում. 36 զոհ և 147 վիրավոր
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական խոշոր գործողության հետևանքով զոհերի թիվն ավելանում է: Այս պահի տվյալներով՝ կա 36 զոհ և 147 վիրավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ահաբեկչությունն իրականացրած երեք մահապարտները նախ կրակ են բացել օդանավակայանում գտնվող անձանց վրա, ապա պայթեցրել են իրենց: Օդանավակայանը շուրջ 5 ժամ փակվել է բոլոր տեսակի թռիչքների համար: Արգելափակվել է նաև դեպի օդանավակայան տանող ճանապարհների երթևեկությունը:
Օդանավակայան ժամանած վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է լրագրողներն, որ իրենց ունեցած նախնական տվյալներով՝ ահաբեկչության իրականացման պատասխանատուն ծայրահեղական իսլամիստական «Իսլամական պետություն» կազմակերպությունն է:
Ուշագրավ է, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացնող հայտարարություն էր արել Թուրքիայում իր քաղաքացիների համար՝ հիշեցնելով այնտեղ հնարավոր ահաբեկչական վտանգների մասին:
Ահաբեկչության մասին արդեն խոսել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կոչ անելով ողջ աշխարհին ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցում հստակ դիրքորոշում ցուցաբերել:
Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի ահաբեկչությունը այս տարվա ընթացքում չորրոչորրորդդ ահաբեկչական գործողությունն է Ստամբուլում: Այս տարվա առաջին ահաբեկչությունը տեղ էր ունեցել հունվարի 12-ին Սուլթանահմեդի հրապարակում, զոհվել էր 11 մարդ: Այնուհետև, մարտի 19-ին Իսթիքլալ պողոտայում մահապարտի գործի էր դրել պայթուցիկը, զոհվել էր 5 մարդ: Հունիսի 7-ին մետրոյի Վեզնեջիլեր կայարանի մոտ պայթուցիկով բեռնավորված մեքենայի պայթյունից զոհվել էր 12 մարդ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում