Երևանյան բեսթսելեր 4/20. Գոլդինգի «Ճանճերի տերը» վերադարձել է վարկանիշային աղյուսակ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ կրկին գլխավորում է «100 տարվա մենություն» վեպը: Այն ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Սա Գաբրիել Գարսիա Մարկեսի ամենաճանաչված երկերից մեկն է, որ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» հայտնի վիպակը երկրորդ հորիզոնականում է: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:
Երրորդ հորիզանականում Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքն է: Այն Գրինի ամենտխուր ստեղծագործություններից մեկն է, որը գրողը նվիրել է Էսթեր Ըրլին: Գրքի հերոսները քաղցկեղով հիվանդ երիտասարդներ են, սակայն 2014 թվականի ամենավաճառված և The New York Times-ի կողմից բեսթսելեր ճանաչված այս գիրքը հիվանդության ու մահվան մասին մռայլ պատմություն չէ:
Չորրորդ տեղում հայտնված Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքներն ու հարցազրույցները ամփոփող ժողովածուն մտնում են համաշխարհային գրականության ոսկե ֆոնդերի մեջ:
Ժան-Պոլ Սարտրի «Սրտխառնոցը» այս շաբաթ հինգերորդն է: Այն էքզիստենցիալիստ գրողի ամենահայտնի ստեղծագործություններից է: «Սրտխառնոց» վեպում գլխավոր հերոս Ռոկանտեսին բախտ է վիճակվում բացել էքզիստենցիալիզմի հիմնական գաղափարը։ Նրա առջև բացվում է դեպի ներքնաշխարհ ուղեկցողը։ Նա գտնում է էությունն ու անէությունը, աշխարհն իր մեջ և իր համար։
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» վեցերորդ տեղում է: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը: Վեպն առաջին անգամ տպագրվել է 1958 թ: Գրքի կենտրոնական թեման սերն է, սակայն Մարկեսն անդրադառնում է շատ այլ խորքային բնույթ կրող խնդիրների:
Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ լույս է տեսել 1925թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:
Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն վարկանիշային ցուցակում այս շաբաթ ութերորդ հորիզոնականում է:
Իններորդը Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունն է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:
Եվ տասներորդը Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը» գիրքն է: «Ճանճերի տերը» համաշխարհային ճանաչում է գտել որպես անգլիացի արձակագրի լավագույն ստեղծագործությունը: Առաջին հայացքից «անմարդաբնակ կղզի» թեմայի հերթական տարբերակ թվացող այս պատմությունը հեղինակի փիլիսոփայական ընդհանրացման ձիրքի շնորհիվ դառնում է որոշակի հանգամանքներում մարդկային քաղաքակրթության այլասերման և կործանման սթափ զգուշացում:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | 0 |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 10 | |
2 | * |
Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» |
Բուկինիստ | 8 | |
3 | * |
Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» |
Էդիթ Պրինտ | 8 | |
4 | * |
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» |
Բուկինիստ | 8 | |
5 | -2 |
Ժան-Պոլ Սարտր «Սրտխառնոցը» |
Անտարես | 7 | |
6 | -2 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 6 | |
7 | * |
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբին» |
Զանգակ | 6 | |
8 | 0 |
Էդգար Հարությունյան «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 6 | |
9 | -4 |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 6 | |
10 | * |
Վիլյամ Գոլդինգ «Ճանճերի տերը» |
Անտարես | 5 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Լուսինե Ղազարյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում