Արցախի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նիսի ահաբեկչության առնչությամբ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցություններն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին հուլիսի 14-ին Նիսում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԼՂՀ ԱԳՆ-ն գրառում է կատարել թվիթերյան միկրոբլոգում:
«Մեր խորին ցավակցությունները ֆրանսիացի ժողովրդին: Մեր մտքերը նրանց հետ են, ովքեր տուժել են Նիսի ողբերգությունից»,- ասվում է գրառման մեջ:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է:
Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից:Ըստ նախնական տվյալների` վարորդը Ֆրանսիայում բնակվող և ծագմամբ թունիսցի 31-ամյա քաղաքացի է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում