Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Իրավապահ համակարգն ունի ուժեր և միջոցներ վնասազերծելու հարձակում գործած խմբին. Հունան Պողոսյան

Իրավապահ համակարգն ունի ուժեր և միջոցներ վնասազերծելու հարձակում գործած խմբին. Հունան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը և իրավապահ ողջ համակարգն ունեն ուժեր և միջոցներ`  վնասազերծելու ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործած և այնտեղ բռնության սպառնալիքով ոստիկանության ծառայողներին պատանդ պահող խմբին վնասազերծելու համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

«Այժմ ձեռնարկվում են անհրաժեշտ կանխարգելիչ և օպերատիվ հետախուզական միջոցառումներ, եթե մեր հորդորները չլսվեն, մենք ի վիճակի ենք վնասազերծելու նրանց»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով` հարձակման ընթացքում սպանվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, հրազենային վնասվածքներ են ստացել` Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Եվս մի քանի մարդ այլ վնասվածքներ են ստացել:

«Ներկայում բանակցություններ են ընթանում: Ոստիկանությունը և բոլոր իրավապահ մարմինները հորդորում են նրանց` հետ կանգնել հանցավոր մտադրություններից և հանձնվել իշխանություններին: Ոստիկանությունը և իրավապահ ողջ համակարգն ունեն ուժեր և միջոցներ, ձեռնարկում են անհրաժեշտ կանխարգելիչ ու օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Եթե մեր հորդորները չլսվեն, մենք ի վիճակի ենք վնասազերծելու նրանց, որովհետև մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում»,- ընդգծեց Պողոսյանը` ավելացնելով, որ, քանի դեռ չեն կորցրել հույսը` բանակցությունները  շարունակելու են: Ըստ փոխոստիկանապետի` հարձակում գործած  անձինք ներկայացրել են ընդամենը մեկ պահանջ` ազատ արձակել ժիրայր Սեֆիլյանին: Ներկայում, որպես պատանդ առկա է 7 մարդ: Հարձակում գործածների շրջանում վիրավորներ չկան:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: ՀՀ ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ նշված է. «Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ միախումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: Ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:

ՀՀ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար: Միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվություն տարածելիս օգտագործել միայն պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալները, հակառակ դեպքում սփռվող ապատեղեկատվությունը նպաստում է ձեռնարկված հանցավոր գործողությունների իրականացմանը, վտանգ ստեղծում մարդկանց կյանքի և առողջության համար»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am