«Արմենիա» ավիաընկերությունը մեկնարկել է առաջին կանոնավոր չվերթը դեպի Մինվոդի
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 18-ի վաղ առավոտյան կայացել է «Արմենիա» ընկերության առաջին կանոնավոր չվերթը Երևան-Միներալնիյե Վոդի(Մինվոդի)-Երևան ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը: «Քաղաքացիների համար երկար սպասված չվերթը կայացավ այսօր առավոտյան: Մաղթենք հաջողություններ և լեփ-լեցուն տարատեսակ չվերթներ»,-գրել է նա:
2016-ի գարնանը հայկական ավիաշուկա մուտք գործող «Արմենիա» ավիաընկերությունը հայտարարել էր, որ մտադիր է կանոնավոր չվերթներ իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ, Թեհրան, Դուբայ, Պրահա, Թել Ավիվ, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն: Առաջին կանոնավոր չվերթը մեկնարկեց ապրիլի երկրորդ կեսին: Ավիաընկերությունը մինչև տարեվերջ նախատեսում է շահագործել ութ ինքնաթիռ:
Ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է Աշոտ Թորոսյանին, 25 տոկոսը` Ռոբերտ Հովհաննիսյանին, իսկ 24 տոկոսը` Թամազ Գաիաշվիլիին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում