Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Երևանյան բեսթսելեր 4/22. Հայ ընթերցողը շարունակում է նախապատվությունը տալ Գարսիա Մարկեսին

Երևանյան բեսթսելեր 4/22. Հայ ընթերցողը շարունակում է նախապատվությունը տալ 
Գարսիա Մարկեսին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է «100 տարվա մենություն»-ը: Այն ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Սա Գաբրիել Գարսիա  Մարկեսի ամենաճանաչված երկերից մեկն է, որ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» երկրորդ տեղում է: Վեպը Ուայլդի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է: Առաջին անգամ վեպը հրատարակվել է 1890 թվականի հուլիսին, անգլիական թերթերից մեկում, իսկ առանձին գրքի տեսքով տպագրվել է միայն 1891 թվականի ապրիլին:

Երրորդ հորիզոնականում Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» ստեղծագործությունն է: Գերմանացի մեծանուն գրողի այս վեպը նրա ամենաճանաչված ստեղծագործությունն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը: 

Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» հայտնի վիպակը չորրորդն է վարկանիշային աղյուսակում: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:

Ժան-Պոլ Սարտրի «Սրտխառնոցը» այս շաբաթ հինգերորդ հորիզոնականում է: Այն էքզիստենցիալիստ գրողի ամենահայտնի ստեղծագործություններից է: «Սրտխառնոց» վեպում գլխավոր հերոս Ռոկանտեսին բախտ է վիճակվում բացել էքզիստենցիալիզմի հիմնական գաղափարը։ Նրա առջև բացվում է դեպի ներքնաշխարհ ուղեկցողը։ Նա գտնում է էությունն ու անէությունը, աշխարհն իր մեջ և իր համար։

Վեցերորդը Պաոլու Կոելյոյի հերթական աշխատանքն է` «Աքրայում գտնված ձեռագիրը», որտեղ հեղինակը կրկին շեշտը դնում է հավերժական արժեքների քարոզման վրա՝ մարդու մեջ դրանք պահպանված տեսնելու ցանկությամբ:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին»  յոթերորդն է այս շաբաթվա վարկանիշային աղյուսակում: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը: Վեպն առաջին անգամ տպագրվել է 1958 թ: Գրքի կենտրոնական թեման սերն է, սակայն Մարկեսն անդրադառնում է շատ այլ խորքային բնույթ կրող խնդիրների:

Ութերորդ տեղում Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունն է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:

«Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունն այս շաբաթ իններորդն է: Այն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է: Պատմության գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներն առերեսվում են փոփոխության հետ, և յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Վարկանիշային աղյուսակն այս շաբաթ եզրափակում է Ալիս Մանրոյի «Կյանքի սիրույն» պատմվածքների շարքը: Ալիս Մանրոյի այս պատմվածքներում կանադական գյուղաքաղաքների անորսալի կյանքն է: Գնացքում, լքված անվավոր կցասայլակում, ինչ-որ մի եկեղեցու հետևորդի կամ ծեր զույգի տանը տեղի ունեցող իրադարձությունները երբևէ չեն հավակնում ստեղծելու մեկ այլ իրականության պատրանք: Նոր կյանքի խոստումով կամ անցյալի պատկերներով տարված այս մարդիկ որքան էլ անբացատրելի, կտրուկ քայլերի դիմեն, պարզապես շարունակելու են ապրել: Ալիս Մանրոն ապրում է նրանց հետ՝ նայելով առաջ՝ դեպի ավարտը, և անսպասելիորեն շրջվում է դեպի մանկություն, որպեսզի եզրափակի ժողովածուն ինքնակենսագրական պատմություններով: Նոբելյան մրցանակի դափնեկիր (2013) գրողի պատմվածքներն անգլերենից թարգմանել է Աննա Դավթյանը: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

 

 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +3

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն» 

Բուկինիստ 9
2 -1

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

 Էդիթ Պրինտ 9
3 *

Հերման Հեսսե

«Տափաստանի գայլը» 

Անտարես 8
4 +1

ԳաբրիելԳարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» 

Բուկինիստ 8
5 +4

Ժան-Պոլ Սարտր

«Սրտխառնոցը»

Անտարես 7
6 *

Պաոլու Կոելյո

«Աքրայում գտնված ձեռագիրը»

Անտարես 7
7 +3

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 6
8 *

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 6
9 -7

Սպենսեր Ջոնսոն

«Ո՞ւր է իմ պանիրը»

Էդիթ Պրինտ 5
10 նոր

Ալիս Մանրոյի

«Կյանքի սիրույն»

Զանգակ 5

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Լուսինե Ղազարյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am