Թուրքիայում պայթեցվել է ոստիկանության շենքը. 8 զոհ, 45 վիրավոր
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդաբնակ Շիռնաք նահանգի Ջիզրե քաղաքում պայթեցվելէ ոստիկանության շենքը, որի հետեւանքով արդյունքում 8 ոստիկան սպանվել, 45 մարդ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական NTV Haber հեռուստաալիքը հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել այսօր տեղական ժամանակով ժամը 7:00-ին: Ոստիկանության շենքն ամբողջությամբ փլուզվել է: Պայթուցիկով ավտոմեքենան պայթել է ոստիկանության շենքից 50 մ հեռավորության վրա` հսկիչ-անցագրային կետի մոտ:
Վիրավորներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Իսկ Reuters-ի տվյալներով Ջիզրեում պայթյունի հետեւանքով սպանվել է 9 ոստիկան: 64 վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ պայթյունն, ամենայն հավանականությամբ, իրագործել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկները:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK-ն հայտարարել է, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխվում է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր:
Վերջին 10-15 օրում Թուրքիայի տարբեր շրջաններում ահաբեկչական գործողությունների արդյունքում սպանվել են զինված ուժերի եւ իրավապահ մարմինների 100-ից ավելի աշխատակիցներ եւ մոտ 300 քաղաքացի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում