Թուրքիան այդպես էլ հեղաշրջմանը Գյուլենի մասնակցությունն ապացուցող փաստաթղթեր ԱՄՆ-ին չի ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները խոստովանել են, որ երկրում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձին Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մասնակցությունն ապացուցող փաստաթղթեր մինչ այժմ ԱՄՆ չեն ուղարկել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է Foreign Policy-ին:
ԱՄՆ-ում թուրքական դեսպանատան ներկայացուցիչ Նաջի Այդան Քարամանօղլուն հրատարակությանը հայտնել է, որ խռովության մասնակիցների հետ Գյուլենի կապերի ապացույցները «կփոխանցվեն իր ժամանակին»` դրանով խոստովանելով, որ դա մինչ այժմ չի արվել:
Բացի այդ, դիվանագետը հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ին Գյուլենի արտահանձնման մասին հարցում է ուղարկել դեռեւս մինչեւ հեղաշրջման փորձը` հուլիսի 15-ը:
«Ֆեթուլլահ Գյուլենն արդեն գտնվում էր հետաքննության տակ` ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու եւ պետության դեմ անօրինական գործունեության կասկածանքով դեռ մինչ այն բանը, երբ տեղի ունեցավ պետական հեղաշրջման փորձը», -պարզաբանել է Քարամանօղլուն:
Թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են հուլիսի 15-ի հեղաշրջմանը Գյուլենի մասնակցության մասին բոլոր նյութերը ԱՄՆ-ին ներկայացնելու մասին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում