ԵՄ դեսպանը Հայաստանի գյուղատնտեսության համար պայծառ ապագա է տեսնում
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման մեծ ներուժ և հեռանկարներ է տեսնում: «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոն»-ի ընթացքում իր ելույթում ԵՄ դեսպանն ընդգծեց՝ ԵՄ-ն հավատում է, որ Հայաստանի գյուղատնտեսությունը պայծառ ապագա ունի և կարող է դառնալ երկրի տնտեսության շարժիչ ուժը: «Եվրամիության ENPARD ծրագրի հիմքում հենց այս գաղափարն էր ընկած, որի շրջանակներում մենք 20 միլիոնից ավելի եվրո կհատկացնենք Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցության համար: Օրեր առաջ ես գյուղատնտեսության աջակցության ևս 7 միլիոն եվրոյի ծրագիր եմ ստորագրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սվիտալսկին:
Նա հավելեց, որ ԵՄ-ն Ավստրիական զարգացման գործակալության հետ համատեղ նպատակ ունեն օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիր իրականացնել Հայաստանում, որի համար կտրամադրվի մոտ 3 միլիոն եվրո: «Մյուս տարի մենք մեկ այլ ծրագիր ենք իրականացնելու, աջակցություն ենք տրամադրելու Արմավիրի և Արարատի մարզերում գյուղատնտեսության զարգացմանը: Այդ ծրագրի արժեքը կկազմի 10 միլիոն եվրո»,- ասաց ԵՄ դեսպանը:
Եզրափակելով խոսքը՝ Սվիտալսկին ընդգծեց, որ հայ գյուղացին արժանի է այն օգնությանն ու աջակցությունը, որ տրամադրում է Եվրոպական Միությունը: «Եվրամիությունը կշարունակի ձեզ հետ լինել նաև գալիք տարիների ընթացքում»,- դիմելով գյուղացիներին՝ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում