Գագիկ Մելիքյանը գործադիրում իրականացվող բարեփոխումների նպատակ է համարում տնտեսական աճի ապահովումը
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄՆԵՊՐԵՍ: Հայաստանում վերջին տարիներին տնտեսական ակտիվության աճի դանդաղումը համաշխարհային տնտեսական ճգնաժամերի հետևանք լինելուց բացի ունի նաև սուբյեկտիվ պատճառներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նշեց, որ տնտեսության բնագավառում կոռուպցիոն ռիսկերի առկայությունը, ստվերայնությունը, ինչպես նաև հարկային դաշտի փոփոխությունները սուբյեկտիվ պատճառ են դառնում տնտեսության ակտիվության նվազման համար:
«Նախարարական այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել, կբերեն տնտեսական ակտիվության աճի: Համոզված եմ, որ տնտեսական ակտիվության աճ ապագայում կտեսնենք: Դա տեղի կունենա ոչ միայն կադրային, այլ նաև կառուցվածքային փոփոխությունների շնորհիվ, որով կառավարությունը արդեն իսկ հանդես է եկել: Այս պահին ԱԺ-ում ընթանում է կառավարության կառուցվածքային փոփոխությունների օրենսդրական նախագծի քննարկում»,- նշեց Գագիկ Մելիքյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում