Եվրամիության տարածած հայտարարությունը Ադրբեջանում տեղի ունեցած հանրաքվեի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության բարձրագույն գործադիր մարմինը` Եվրահանձնաժողովը, անդրադարձել է Ադրբեջանում տեղի ունեցած հանրաքվեով արված սահմանադրական փոփոխություններին եւ կոչ արել հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի դրանց վերաբերյալ ունեցած նկատառումները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվականը:
Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում ընդունված սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել:
Հանձնաժողովի փորձագետները գտնում են, որ սահմանադրական փոփոխություններով Նախագահի լիազորությունների մեծացումը խախտում է երկրի կառավարման մարմինների միջեւ եղած անհրաժեշտ հավասարակշռությունը, բացի այդ նրանց կարծիքով Նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից 7 տարի դարձնելը չունի ոչ մի արդարացում:
Ըստ փորձագետների, Նախագահի կողմից խորհրդարանը ցրելու իրավասությունը սահմանափակում է խորհրդարանի քաղաքական ինքնուրույնությունը, ինչը իր բացասական ազդեցությունը կարող է ունենալ նաեւ դատական համակարգի անկախության վրա, քանի որ խորհրդարանը հանդիսանում է նաեւ դատական համակարգը վերահսկող մարմին:
Փորձագետները դժգոհություն են հայտնել նաեւ այն առիթով, որ նոր սահմանադրությամբ Նախագահը կկարողանա արտահերթ ընտրություններ հայտարարել իրեն հարմար ժամանակ:
Հանձնաժողովը իր տված եզրակացության մեջ քննադատել է նաեւ այն հանգամանքը, որ հանրաքվեն անցկացվել է շատ կարճ ժամանակում, եւ հանրաքվեի կարգը բավականաչափ չի քննարկվել խորհրդարանում եւ հանրության շրջանում:
2016 թվականի սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում հանրաքվեի արդյունքում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների համաձայն` անսահմանափակ ընտրվելու իրավունք ունեցող երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարուց երկարացվել է 7-ի: Մեկ այլ դրույթով Նախագահը ստացել է խորհրդարանը ցրելու, վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու իրավունք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում