Թուրքիայի ԱԱԽ-ն առաջարկել է երկարացնել երկրում արտակարգ դրությունը
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարված ազգային անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 28-ի նիստի ժամանակ առաջարկել է երկարացնել երկրում արտակարգ դրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Մեր ժողովրդավարությունը, իրավական պետության սկզբունքը, մեր հայրենակիցների իրավունքներն ու ազատությունները պահպանելուն ուղղված միջոցների իրականացման շարունակականությունն ապահովելու նպատակով որոշում է կայացվել խորհուրդ տալ արտակարգ իրավիճակը երկարացնելու վերաբերյալ»,- ասվում է Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ:
Միաժամանակ որոշում է կայացվել առաջարկել երկրում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի օրը` հուլիսի 15-ը. ճանաչել որպես «Ժողովրդավարության և ազատությունների օր»:
Թուրքիայում երեք ամսով արտակարգ դրություն էր հայտարարվել երկրում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո: Թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են արտակարգ դրությունը երկարաձգելու հնարավորության մասին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում