Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Բրյուսելի հետ նոր շրջանակային համաձայնագրի առաջընթացը Գարեգին Մելքոնյանը գնահատում է արդյունավետ

Բրյուսելի հետ նոր շրջանակային համաձայնագրի առաջընթացը Գարեգին Մելքոնյանը 
գնահատում է արդյունավետ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելի հետ նոր շրջանակային համաձայնագրի մասով բանակցությունները բավական կառուցողական և արագ տեմպով առաջ են ընթանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Նրա խոսքով՝ այդ բանակցությունների շրջանակներում առևտրի և ներդրումների մասով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը բավական ինտենսիվ աշխատանք է իրականացրել փետրվարի կեսից սկսած: Փոխնախարարի ներկայացմամբ՝ չնայած բանակցությունների ֆորմալ բացումը տրվել էր դեռևս անցած տարվա դեկտեմբերին, բայց եվրոպական կողմը կարողացավ սկսել բանակցությունները միայն փետրվարի կեսից:

«Թվով չորս փուլ ենք ունեցել՝ մեկը Երևանում, մեկը Բրյուսելում, մյուս երկուսը միջոցների տնտեսման տեսանկյունից  ելնելով տեսակոնֆերանսների ձևով ենք իրականացրել: Մեր մասով համաձայնագրում կա 12-13 գլուխ, որոնց կեսից ավելին գրեթե փակ են, մնում են 1-2 նախադասությունների տեխնիկական ճշգրտումներ: Բառացիորեն օրեր անց՝ դեկտեմբերի 13-14-ին Բրյուսելում անցկացնելու ենք հերթական հաջորդ փուլը, որտեղ, վստահ եմ, մի քանի գլուխ ևս հնարավոր կլինի  փակել և, ըստ էության, կմնան որոշակի հարցեր, որոնց մյուս տարվա սկզբին, ենթադրում եմ՝ փետրվարինհաջորդ փուլի ընթացքում կանդրադառնանք և հնարավոր կլինի այդ մասերով ևս առաջ ընթանալ: Իմ գնահատմամբ, բանակցությունները բավականին արդյունավետ և կառուցողական առաջ են գնում»,- նշեց Գուրգեն Մելքոնյանը և վստահեցրեց, որ այս մասով մեծ ծավալի մասնագիտական և տեխնիկական աշխատանք է արվում:

Նրա տեղեկացմամբ՝ միայն առևտրի և ներդրումներ գլխի մասով 300-ից ավելի էջ նեղ ոլորտային մասնագիտական տեքստ ունեն քննարկելու: Յուրաքանչյուր հոդվածի, նախադասության մասով անհրաժեշտություն է լինում ճշտել և ՀՀ օրենսդրության պահանջների, և երրորդ երկրների մասով ստանձնած պարտավորությունները, որպեսզի բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերում, լինեն իրատեսական ու իրականանալի, իսկ հետագայում նաև դրանց իրականացման առումով ունենան սահուն ընթացք և խնդիրներ չլինեն:

Փոխնախարարի խոսքով՝ իր համար կարևորն ու առաջնայինը քննարկվող բանակցային համաձայնագրի բովանդակությունն է, այդ պատճառով նա խուսափեց ժամկետներ նշելուց: «Մենք շեշտը դնում ենք բովանդակության վրա և, հատկապես, կարևոր է այն, որ Հայաստանի տնտեսության և տնտեսվարողի համար զգայուն և նշանակալի հարցերը լինեն հավուր պատշաճի ձևակերպված և բխեն մեր տնտեսության շահերից: Ելնելով բանակցությունների արդյունավետությունից և կառուցողական մոտեցումներից՝ կարծում եմ, որ ավարտի համար համեմատաբար շատ քիչ ժամանակ է մնացել,  քան մեր անցած ճանապարհը»,- հավելեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am