Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Կառավարությունը տեղական ինքնակառավարման համակարգում էական փոփոխություններ է առաջարկում

Կառավարությունը տեղական ինքնակառավարման համակարգում էական փոփոխություններ է 
առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում էական փոփոխություններ է առաջարկում: Ազգային ժողովը սկսել է քննարկել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ընդգծեց, որ օրենսդրական նախաձեռնության նախապատրաստումը պայմանավորված է Սահմանադրության փոփոխություններով, որով նոր սահմանումներ են տրվել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, ինչպես նաև այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել  ինքնակառավարման մարմիններում: «Այդ պատճառով մենք աշխատանք ենք սկսել այս նախագծի վրա՝ առաջնորդվելով միջազգային մի շարք փաստաթղթերի դրույթները մեր ինքնակառավարման համակարգում ավելի լայն ընդգրկելու սկզբունքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Տերտերյանը:

Օրենքի նոր նախագծով առաջարկվում է տեղական ինքնակառավարման, համայնքի և նրա բնակիչների վերաբերյալ հասկացությունների նոր սահմանում՝ համապատասխանեցնելով Սահմանադրության ընդունած ձևակերպումներին: «Համապատասխանեցրել ենք հիմնական սկզբունքները Եվրոպական խարտիայի պահանջներին և միջազգային փորձին: Ավելի ընդհանրական սահմանել ենք տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների լիազորությունների և համայնքի խնդիրների ընդհանրական բնութագիրը: Մենք գործող օրենքում համայնքների խնդիր ձևակերպում չունենք, իսկ նոր Սահմանադրությամբ սահմանված է համայնքային խնդիրներ ձևակերպում, ինչը մենք ամրագրել  ենք այս նախագծում», մանրամասնեց Տերտերյանը:

Նա հավելեց, որ ամրագրել են նոր մոտեցում, որը վերաբերում է համայնքների տնտեսական զարգացմանը: Օրենսդրական նախաձեռնությամբ առանձնացվել են այն համայնքները, որտեղ զբոսաշրջությունը զարգացնելու մեծ հնարավորություններ կան, ինչպես նաև այն համայնքները, որոնք կարող են գյուղատնտեսության ոլորտում լուրջ առաջընթաց ունենալ:

Օրենսդրական նախաձեռնությամբ տեղական ինքնակառավարմանը քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով մասնակցելու հնարավորություն է նախատեսվել:  «Մյուս կարևոր խնդիրը, որը ես կցանկանայի նշել, այն է, որ տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության, այդ թվում՝ հանրային քննարկումներ անցկացնելու չափանիշներ ենք սահմանել, իսկ դրանց ձևաչափը կորոշի համայնքի ավագանին:

Վաչե Տերտերյանը նշեց, որ 3 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքների համար սահմանել են համացանցային պաշտոնական կայք ունենալու պարտավորություն: «3 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքի ավագանու ինստիտուտի և նրա գործունեության համար պարտադիր պայման ենք դրել մշտական կամ ժամանակավոր հանձնաժողով ունենալու պարտավորությունը: Մենք փորձում ենք լիարժեք դարձնել համայնքի ավագանու գործունեությունը և նրան բերել ինստիտուցիոնալ դաշտ»,-մանրամասնեց փոխնախարարը:

10 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու նիստերը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվեն համայնքի համացանցային պաշտոնական կայքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am