Հարավային Կորեայում կոռուպցիոն սկանդալի գործով ձերբակալվել է Մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարը
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայում «կոռուպցիոն սկանդալ»-ի գործով ձերբակալվել է Մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարար Չո Յուն Սուն: Նա կասկածվում է մշակութային մի շարք գործիչների «սև ցուցակ» պահելու մեջ: Ըստ նախնական տվյալների` այդ «սև ցուցակ»-ում ընդգրկված են եղել այն մշակութային գործիչները, ովքեր սուր քննադատել են իշխանություններին, մասնավորապես, նախագահ Պակ Կըն Հեին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, «սև ցուցակ»-ը ներառում է 9400 դերասանների, երաժիշտների և մշակութային այլ գործիչների անուններ: Վերջիններս զրկվել են պետական ցանկացած տիպի օգնությունից:
Չո Յուն Սուն, երկրի պատմության մեջ առաջին նախարարն է, ով ձերբակալվել է իր ծառայողական պարտականությունները կատարելիս:
2016 թվականի աշնանը Հարավային Կորեայում կոռուպցիոն սկանդալ բացահայտվեց` կապված երկրի նախագահի ընկերուհու` Ցոյ Սուն Սիլի հետ: Իրավապահ մարմինները կասկածում են, որ նա, չզբաղեցնելով որևէ պետական պաշտոն, ունեցել է մեծ ազդեցություն քաղաքական որոշումների ընդունման վրա, ինչպես նաև մեծ գումարներ է վերցրել Հարավային Կորեայի տարբեր կորպորացիաներից: Կոռուպցիոն սկանդալում ներգրավված են բազմաթիվ պաշտոնյաներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում