Երևանյան բեսթսելեր 4/47. Ամենավաճառվածների ցանկում երկու նոր գիրք է ընդգրկվել
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Արփի Ոսկանյանի «Չի վաճառվում» ստեղծագործությունը: Գրքում տեղ գտած պատմվածքները 20 տարվա ժամանակահատված են ընդգրկում՝ ներկայացնելով հեղինակի անցած ճանապարհը ուշ պատանեկությունից մինչև միջին տարիք, այդ ճանապարհին տեղի ունեցած աշխարհայացքային, գեղագիտական, ոճական փոփոխությունները։ Միաժամանակ գրքում երևակվում է տվյալ ժամանակաշրջանի գրականության հետագիծը։
Ինչպես անցած, այնպես էլ այս շաբաթ Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը երկրորդն է: Գրքում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:
Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն չի զիջել իր դիրքերը և կրկին երրորդն է: Այն արդեն մի քանի շաբաթ է, ինչ չի լքում մեր ցանկը:
Չորրորդ հորիզոնականում իր դիրքերն է ամրապնդել Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»
Ամենավաճառվածների ցանկի հինգերորդ տեղում «Կեցության անտանելի թեթևություն» գիրքն է: Այն Միլան Կունդերայի
Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը բարելավել է իր դիրքերը և վեցերորդն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:
Ցանկի յոթերորդ հորիզոնականում նոր գիրք է ընդգրկվել: Մկրտիչ Արմենի «Երևան» էպոպեան խորհրդահայ գրականության ամենաինքնատիպ գործերից է, որ տարբեր հանգամանքների բերումով այնքան էլ ծանոթ չէ ընթերցասերների լայն շրջանակներին: Այն առաջին անգամ լույս է տեսել 1931 թվականին Մոսկվայում:
Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունը, զիջել է իր դիրքերը և ութերորդ տեղում է: Գիրքը պատմություն է փոփոխության մասին: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Ցանկ է վերադարձել և իններորդ հորիզոնականը զբաղեցրել Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ»-ն ամփոփող ժողովածուն:
Ամենավաճառվածների ցուցակը եզրափակում է «Հուլունքախաղը», որը Հերման Հեսսեի վերջին մեծ վեպն է: Գիրքը ոչ միայն եզրափակում, այլև ամփոփում է գրողի անցած ճանապարհը՝ անդրադարձնելով նրա հոգեմտավոր որոնումների հարուստ պատմությունը՝ նոր ռոմատիկական փորձերից մինչև հասուն մոդեռնիստական ստեղծագործությունները:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):
Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | Նոր |
Արփի Ոսկանյան «Չի վաճառվում» |
Անտարես | 52 | |
2 | 0 |
Ստեֆան Ցվայգ «Ընտիր նովելներ» |
Բուկինիստ | 28 | |
3 | 0 |
Էդգար Հարությունյան «Նվիրելու արվեստը կան ձոն վարդին» |
Անտարես | 26 | |
4 | 0 |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ պրինտ | 26 | |
5 | +2 |
Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը» |
Անտարես | 22 | |
6 | +2 |
Ջոն Բոյն «Զոլավոր գիշերանոցով տղան» |
DirectMEDIA | 20 | |
7 | Նոր |
Մկրտիչ Արմեն «Երևան» |
Անտարես | 7 | |
8 | -3 |
Սպենսեր Ջոնսոն «Ու՞ր է իմ պանիրը» |
Էդիթ պրինտ | 6 | |
9 | * |
Ֆյոդոր Դոստոևսկի «Պատմվածքներ» |
Բուկինիստ | 5 | |
10 | * |
Հերման Հեսսե «Հուլունքախաղ» |
Անտարես | 5 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում