Արամ Մանուկյանը քաղաքական ուժերի մոտ Հայաստանի զարգացմանն ուղղված մոտեցումներ չի տեսնում
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարծում է, որ առաջիկա ընտրությունների ամենաբացասական կողմն այն է, որ հավակնող քաղաքական ուժերի մոտ չկա սկզբունք, կա պարզապես չոր նպատակ՝ հայտնվելու խորհրդարանում: «Ինձ մոտ մի զգացողություն կար, որ քաղաքական գործիչներն ու կուսակցությունները ցանկանում են մտնել քաղաքական դաշտ ցանկացած գնով, գնացքը գնում է, ու կարեւոր չէ, թե ինչպես եւ ում հետ, պետք է մտնել այդ գնացք: Հետո տեսա, որ փորձեցին դուրս գալ եւ ուրիշ դաշինքներ մտնել: Ուզում են հայտնվել մի խորհրդարանում, որտեղ վաթսուն տոկոսը ոչինչ չի անում. այդ ոչինչ չանելու մրցույթն ավելի է ուժեղացել հիմա, այսինքն՝ ծախսել միլիոններ ոչինչ չանելու համար: Մորեխի նման թռչում են տեղից տեղ միայն թե հայտնվեն այդ աթոռի վրա: Կարծում եմ ՝սա շատ տխուր պատկեր է, որը բացասական արդյունքների կբերի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Պատգամավորի խոսքով՝ ժողովուրդն ականատես է լինում ոչ նորմալ մի գործընթացի եւ ավելի շատ է հիասթափվում: «Հայաստանի նախընտրական այս փուլում բացարձակ գաղափարական հայտեր չեղան. ոչ ոք չի ասում, որ լիբերալիզմ է կամ օրինակ՝ սոցիալիզմ է քարոզելու: Բոլոր քաղաքական ուժերը ասում են, թե ինչ են ուզում, մրցույթ է գնում, թե ով ինչքան լավ բան է ուզում, եւ ոչ ոք չի ասում, թե ինչպես է դա ուզում անել: Բոլորի մոտ խնդիրները «պետք է»-ով են սկսվում, նման պարզունակ քաղաքական այբուբեն կա: Ցավոք սրտի, այս ընտրական փուլը չարձանագրեց, թե ինչպես են քաղաքական ուժերը պատկերացնում Հայաստանի զարգացման իրենց մոտեցումները»,-եզրափակեց Արամ Մանուկյանը:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում