Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Արցախի խորհրդարանում մեկնարկել են 5-րդ նստաշրջանի աշխատանքները

Արցախի խորհրդարանում մեկնարկել են 5-րդ նստաշրջանի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովը փետրվարի 23-ի գումարել է 5-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Մուտքի խոսքում, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփել է 2017թ. հունվար-փետրվար ամիսներին խորհրդարանի կատարած աշխատանքները և անդրադառնալով Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին` շնորհավորել է բոլորին Սահմանադրական բարեփոխումների գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու և այն իր տրամաբանական ավարտին հասցնելու կապակցությամբ:

«Փետրվարի 20-ին Սահմանադրության հանրաքվեով մենք վերահաստատեցինք 1988թ. փետրվարյան օրերի ազատագրական պայքարի մեր գլխավոր բանաձեւումը՝ իր պատմական հայրենիքում ազատ ու ինքնիշխան ապրելու մեր ժողովրդի վճռականությունը»,- նշել է ԱԺ նախագահը:

ԱԺ 5-րդ նստաշրջանի առաջին նիստում հաստատվել են փետրվարի 20-ի լրացուցիչ ընտրություններով  թիվ 5 ընտրատարածքից ընտրված Վիլեն Սաֆարի Սաֆարյանի պատգամավորական լիազորությունները:
Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագրով Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը նախորդ տարի նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, ինչի արդյունքում, ԱԺ Կանոնակարգի համաձայն, դադարեցվել են նրա պատգամավորական լիազորությունները:

Անցնելով օրակարգային մյուս հարցին՝ խորհրդարանը որոշում է ընդունել ԱԺ հինգերորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ստեղծելու մասին: Քվեարկության արդյունքներով հաշվիչ հանձնաժողովի կազմում վերընտրվել են Ռամելա Դադայանը, Լյուդմիլա Բարսեղյանը և Գագիկ Բաղունցը:

2016 թվականի գործունեության մասին հաղորդումներ են ներկայացրել ԼՂՀ Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը և ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը:

Պատգամավորները հարցեր են առաջադրել զեկուցողներին և ստացել համապատասխան պարզաբանումներ:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Հայկ Խանումյանը, Ռամելա Դադայանը, Արսեն Առստամյանը և Վարդգես Բաղրյանը:

Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է, և, համաձայն ԱԺ Կանոնակարգ օրենքի, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ՝ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am