«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության հետ կնքվեց համացանցում երեխաների տեղեկատվական անվտանգության մասին հուշագիր
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության նախագահ Եվգենի Կասպերսկին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր կրթության ոլորտում տեղեկատվական անվտանգության համագործակցության և համացանցում երեխաների տեղեկատվական անվտանգության մասին:
Եվգենի Կասպերսկին ընդգծեց, որ Հայաստան կատարած ամեն նման այցելությունից հետո միշտ նոր գաղափարներ են ծնվում:
«Ամեն անգամ հաճույքով եմ գալիս Հայաստան, քանի որ լուսավոր մտքերը շատ են այստեղ: Մեր համագործակցությունը Հայաստանի հետ ընդլայնվում է, աշխատելն այստեղ շատ հաճելի է: Այսօր կիբերհարթակում օրըստօրե նոր սպառնալիքներ ու վտանգներ են ի հայտ գալիս, և հարձակման վտանգի տակ են հայտնվում համացանցային բոլոր ծառայությունները: Կար ժամանակ, երբ երեխաները կարող էին հանգիստ օգտվել համացանցից և վախենալու ոչինչ չկար դրանում, սակայն հիմա այդպես չէ։ Այժմյան սպառնալիքները բոլոր կիբերուղղություններով են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա։
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով՝ երեխաների իրավունքների պաշտպանությունը և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ընթացքում անվտանգության կանոնների պահպանումը կարևոր է երեխաների մտավոր, հոգեբանական և ֆիզիկական զարգացվածության ապահովման համար:
«Մեզ հնարավորություն է տրվում էլեկտրոնային կրթության, դասավանդման ձևաչափերում մտցնել շատ կարևոր անվտանգության համակարգեր, երեխաներին պաշտպանելու և ավելի բարդ խնդիրներ լուծելու համար»,-շեշտեց Լեւոն Մկրտչյանը՝ տեղեկացնելով, որ ծրագիրը դպրոցում կներդրվի արդեն իսկ 2017 թվականի սեպտեմբերից:
Տվյալ հուշագրով նախատեսվում է կողմերի միջև հաստատել համագործակցության շրջանակ, որը կխթանի փոխադարձ հետաքրքրության ոլորտներում արդյունավետ համագործակցությունը: «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության կողմից, մասնավորապես, նախատեսվում է փորձառության տրամադրում, ինչպես նաև կիբերվտանգների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության փոխանակման կարգավորում կողմերի՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության միջև: Հուշագրի շրջանակը սահմանափակված է կիբերվտանգների ոլորտին առնչվող ոչ անձնական տեղեկատվության փոխանակմամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում