Քաղաքագետը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի համատեղման քաղաքականությունը Հայաստանի համար լավագույն ճանապարհն է համարում
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության համատեղման քաղաքականությունը Հայաստանի համար լավագույն ճանապարհներից մեկն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո Եվրոպական Միությունը հրաժարվեց Հայաստանի հետ ստորագրել Ասոցացման պայմանագիրը, սակայն այն ժամանակ եվրոպական պաշտոնյաները արդեն իսկ հասկանում էին, որ իրենց մերժումը չի արտահայտում ո´չ հայկական, ո´չ եվրոպական կողմերի շահերը: Այդ է պատճառը, որ Ասոցացման պայմանագրի ստորագրումը տապալելուց հետո, եվրոպական կողմը արագ համաձայնեց բանակցություններ վարել նոր պայմանագիր ստորագրելու համար: Ինչպես տեսնում ենք, Հայաստանի և Եվրամիության միջև բանակցային գործընթացն արդեն ավարտվել է»,- ասաց քաղաքագետը:
Ըստ Մելիք-Շահնազարյանի` Հայաստանին հաջողվեց, լինելով ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ, հիանալի հարաբերություններ պահպանել Եվրոպական միության հետ, թե´ տնտեսական, թե´ քաղաքական հարաբերությունների առումով:
«Սա «և´, և´» որդեգրած քաղաքականության հաղթանակն է` նախապես մտածված և իրականությունը արտահայտող լավագույն ճանապարհներից մեկը»,- ընդգծեց քաղաքագետը:
Մելիք-Շահնազարյանը կարևորեց այն, որ Հայաստանը Եվրամիության հետ համագործակցությունը ոչ միայն քաղաքական է լինելու, այլ նաև տնտեսական:
«Քաղաքական մասով կապված է լինելու Հայաստանում եվրոպական արժեհամակարգի, ինստիտուտների, կառավարման մեխանիզմների ներդրման հետ: Փաստաթղթում կան նաև տնտեսական մասով դրույթներ, որտեղ բավականին լուրջ հնարավորություններ են ստեղծում արտադրողի համար ավելի լավ աշխատելու եվրոպական շուկաներում, ինչպես նաև օգտվել այնտեղից ստացված հնարավորություններից»,- եզրափակեց Մելիք-Շահնազարյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում