Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Ամերիաբանկ»-ը մուտք գործեց Շիրակի մարզ

«Ամերիաբանկ»-ը մուտք գործեց Շիրակի մարզ

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն մուտք գործեց Շիրակի մարզ. Գյումրիում մարտի 17-ին տեղի ունեցավ բանկի «Կումայրի» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը, «Ամերիաբանկի» տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, մանրածախ գործառույթների գծով տնօրեն Արման Բարսեղյանը  և  այլոք:

«Հանդիսանալով Հայաստանի առաջատար և խոշորագույն բանկը գրեթե բոլոր ֆինանսական ցուցանիշներով՝ մենք արդեն մի քանի տարվա ընթացքում միլիարդավոր դոլարների ներդրում ենք կատարել տնտեսության զարգացման համար: Մեր ներդրումների շնորհիվ ավելի քան 5 հազար աշխատատեղ է ստեղծվել: Գյումրիում դեռ մասնաճյուղը չբացված արդեն հազարից ավել հաճախորդ և մոտ 3 միլիարդից ավել վարկային ներդրումներ  ունի, բացի դրանից մենք այստեղ պատրաստում ենք առաջարկել սպասարկման նոր մոտեցումներ՝  յուրաքանչյուր հաճախորդի անհատական իր մենեջերը»,-մասնաճյուղի բացման ժամանակ իր խոսքում նշեց Արտակ Հանեսյանը՝  նաև փաստելով, որ կլինեն թե՛ վարկավորման, թե՛ սպասարկման, թե՛ կառավարման  նոր ծառայություններ:
«Հանդիսանալով նաև սոցիալապես պատասխանատու կառույց՝ մենք կրում ենք պատասխանատվություն  աջակցելու  այն շրջանին, որտեղ աշխատում  ու գործունեություն ենք ծավալում: Այդ նպատակով նախատեսում ենք նաև որոշակի միջոցառումներ իրականացնել Գյումրիում՝ ինչն այս պահին անկակնալ է»,-հավելեց  Արտակ Հանեսյանը:
«Ամերիաբանկ»-ի մուտքը Գյումրի շնորհավորեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ հույս հայտնելով որ բանկն իր հետ նոր շունչ ու նոր հնարավորություն կբերի:  «Ես վստահ եմ, որ մենք միասին շատ լավ կաշխատենք և, անշուշտ, շատ ծրագրեր կիրականացնենք Գյումրիում, որի համար գյումրեցին շատ շնորհակալ կլինի»,-իր խոսքում նշեց Սամվել Բալասանյանը:  
Բանկի մուտքը Գյումրի շնորհավորեց նաև թեմակալ առաջնորդը՝ ցանկանալով, որ բանկը ինչ-որ բան փոխի Գյումրու մթնոլորտում՝ ամենաառաջինը վերաբերմունքը բանկի ու բանկային գործի հանդեպ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մասնաճյուղի բացմանը  զուգընթաց   մեկնարկեց «Իմ Գյումրի» արշավը, որի շրջանակներում մասնաճյուղի հաճախորդներին կտրամադրվեն քարտային, վարկային և առցանց ծառայությունների մասով հատուկ առաջարկներ: Այս համատեքստում, մասնավորապես,  թողարկվել են «Իմ Գյումրի» խորհրդանշական անվանումը   կրող ArCa  վճարային քարտեր, որոնք կտրամադրվեն մասնաճյուղի հաճախորդներին՝ առանց սպասարկման վճարի և առանց կանխիկացման միջնորդավճարի՝  2 տարի ժամկետով:  Բացի այդ, մասնաճյուղի հաճախորդներին կտրամադրվեն Visa Classic, Visa Gold, MasterCard Standard, MasterCard  Gold դեբետային ու կրեդիտային քարտերը, իսկ իրավաբանական անձանց՝ Visa Business, MasterCard Busines քարտերն առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի:
«Կումայրի» մասնաճյուղի հաճախորդների համար կգործեն նաև  վարկերի հատուկ պայմաններ, մասնավորապես, կտրամադրվեն  վարկեր «Ամերիաբանկ»-ում գործող  տոկոսադրույքներից   0,5 տոկոսով ցածր  տոկոսադրույքով, իսկ վերաֆինանսավորման արշավի ներքո նվազեցված  տոկոսադրույքները  կիջնեն ևս  0,25  տոկոսով:
«Մինչև մասնաճյուղի բացումը մենք բավական ակտիվ աշխատում էինք տարածաշրջանում. ոչ միայն Գյումրիում, այլ ողջ մարզում: Արդեն ունենք մոտ հազարից ավել հաճախորդ ու մոտ 3 մլդ դրամի վարկային պորտֆել: Այսինքն, մինչ այս էլ բանկային ծառայությունների ողջ սպեկտրը մատչելի է եղել մարզում և Գյումրի քաղաքում և, բնականաբար, հիմա մասնաճյուղի բացմամբ գործունեությունը շատ ավելի կակտիվանա»,- տեղեկացրեց  բանկի՝ մանրածախ գործառույթների գծով տնօրեն Արման Բարսեղյանը՝  ներկայացնելով այն բոլոր ծառայությունները, որոնք առաջարկում է բանկը շիրակցուն:   
Հեռահար բանկային ծառայություններից օգտվելու մշակույթը տարածելու և բանկային ծառայություններից օգտվելն ավելի հարմարավետ  դարձնելու համար «Կումայրի» մասնաճյուղի հաճախորդներին կտրամադրվեն անվճար ինտերնետ  և մոբայլ բանկինգ, ինչպես նաև հեռախոսային բանկինգի ծառայություններ, իսկ իրավաբանական անձանց՝ ինտերնետ և  մոբայլ բանկինգ՝  առանց տարվա սպասարկման վճարի:
2016 թվականի արդյունքով «Ամերիաբանկ»-ը բոլոր հիմնական ցուցանիշներով՝  ակտիվներով, հաճախորդների նկատմամբ պարտավորություններով, ընդհանուր կապիտալով, վարկային ներդրումներով, շահույթով  զբաղեցնում է բացարձակ առաջատարի  դիրքը  ՀՀ բանկային համակարգում:

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am