Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայաստանում երաժշտական փառատոներով հագեցած տարի է սպասվում

Հայաստանում երաժշտական փառատոներով հագեցած տարի է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մշակութային  կյանքը 2017 թվականին հարուստ կլինի բազմաթիվ երաժշտական փառատոներով: Մայիսին Գյումրիում առաջին անգամ կանցկացվի «Իմ սոխակ» երգչախմբային փառատոնը, հունիսին կիրականացվի «Սայաթ-նովա» փառատոնը Երևանում և Թբիլիսիում, հուլիսին` «Ծովից ծով Հայաստան»-ը, որն ընդգրկում է Արցախը, Ջավախքն ու Արևմտյան Հայաստանը,  օգոստոսին Գյումրիում տեղի կունենա դուդուկի փառատոնը, սեպտեմբերին «Շարական» հոգևոր երաժշտության փառատոնը՝ Տաթևում,  հոկտեմբերին «Երևան դուդուկ» փառատոնը: Վերը նշված նախագծերի հեղինակային իրավունքը պատկանում է «Մյուզիք օֆ Արմենիա» կազմակերպությանը: Փառատոների և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց  «Մյուզիք օֆ Արմենիա» կազմակերպության հիմնադիր-տնօրեն Հասմիկ Մովսիսյանի հետ:

«Մյուզիք օֆ Արմենիա»-ն հիմնվել է 2008 թվականի հոկտեմբերի 17-ին: Այդ տարիներին ես Մեծ Բրիտանիայում էի ապրում և, աշխատելով երաժշտական ասպարեզում, ձգտում էի նպաստել հայկական երաժշտության տարածմանն ու հայազգի կատարողների՝ ճանաչում ձեռք բերելուն»,- նշեց Մովսիսյանը:

Նրա խոսքով` «Մյուզիք օֆ Արմենիա»-ն պահպանում և աշխարհով մեկ տարածում է տաղանդավոր հայ կոմպոզիտորների ու կատարողների երաժշտական ժառանգությունը: «Ծրագրում և կյանքի ենք կոչում բազմաթիվ փառատոներ, համերգային նախագծեր: Դրանք իրականացնում ենք և՛ օնլայն, և՛ օֆլայն տարբերակներով: Լոնդոնում ռադիոհաղորդաշար ենք ունեցել, որի շրջանակում անդրադառնում էինք հայկական երաժշտությանը՝ ամեն հաղորդմանը երաժշտական նոր թեմա մատուցելով: Մենք շեշտը չենք դնում միայն հայկական ժողովրդական երգերի վրա, ներկայացնում ենք նաև Հայաստանում և ամբողջ աշխարհում ապրող հայերի ստեղծագործությունները, որոնք կարող են լինել ռոք, փոփ, ջազ և այլն: Նախագծերում ներգրավում ենք նաև երաժիշտների, ովքեր ազգությամբ հայեր չեն, բայց հայկական երաժշտություն են նվագում, օգտագործում են հայկական գործիքներ»,-ասաց նա:

«Մյուզիք օֆ Արմենիա»-ն իրականացնում է վեց հեղինակային փառատոն: Հասմիկ Մովսիսյանը պատրաստվում է մեկնել Ստամբուլ՝ «Ծովից ծով Հայաստան» փառատոնի կազմակերպչական հարցերի հետ կապված: Այն ընդգրկելու է Արևմտյան Հայաստանը, Արցախը, Ջավախքը… Ծրագիրն առաջին անգամ է իրականացվելու, և այդ գործում կազմակերպիչներին աջակցում է «Հրանտ Դինք» հիմնադրամը: Նրանք հույս ունեն, որ Հայաստանի մշակույթի նախարարությունը նույնպես կմիանա իրենց:

Խոսելով մայիսին կայանալիք «Իմ սոխակ» երգչախմբային փառատոնի մասին` «Մյուզիք օֆ Արմենիա» կազմակերպության հիմնադիր-տնօրենն ընդգծեց, որ նախորդ տարի մի նախագծի առաջարկով խոսել է Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ, և զրույցի ընթացքում երկու այլ ծրագրերի գաղափարներ են ծնվել: Որոշվել է 2017-ին Գյումրիում անցկացնել «Իմ սոխակ» երգչախմբային և Դուդուկի միջազգային փառատոներ: Նախաձեռնողները կարծում են, որ դրանք կնպաստեն Գյումրիի մշակութային կյանքի զարգացմանը:

«Իմ սոխակ» փառատոնին մասնակցելու են բոլոր հանրապետական երգչախմբերը՝ Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Հովեր» անսամբլը, Երևանի պետական կամերային երգչախումբը, «Հայաստանի փոքրիկ երգիչները», «Գեղարդ»,  «Լույս» անսամբլները և այլն: Ելույթ կունենա նաև վրացական մի երգչախումբ, որը  հայկական երեք գործ կներկայացնի: Կլինեն նաև բացօթյա համերգներ: Փառատոնը կտևի երեք օր»,-ասաց Մովսիսյանը:

Որպեսզի փառատոները հետաքրքրեն շատերին՝ կազմակերպությունը մարքեթինգային արշավներ է իրականացնում, ինչի արդյունքում համերգային ծրագրերին այցելում են բազմաթիվ զբոսաշրջիկներ: Տնօրենը համոզված է, որ նման նախագծերը նպաստում են նաև զբոսաշրջության զարգացմանը:

Հիմնադիր-տնօրենն ասաց, որ իրենց իրականացրած համերգային ծրագրերին  մասնակցել են ինչպես հայտնի երաժիշտներ Գոռ Սուջյանը, Արտո Թունջբոյաջյանը, Հայկ Մելիքյանը և այլք, այնպես էլ հանրության լայն շրջանակին անծանոթ երիտասարդ կատարողներ:

Խոսելով երիտասարդ կատարողների մասին՝ Մովսիսյանն ասաց, որ «Մյուզիք օֆ Արմենիա»-ն Հայաստանում կազմակերպել է Իսպանիայից Հայաստան վերադարձած հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանի առաջին համերգը:

«Վիգենին վաղուց գիտեի և շատ էի սիրում նրա երգարվեստն ու ցանկանում համագործակցել իր հետ: 2015 թվականին «The music of my homeland» խորագրով համերգ իրականացրեցինք՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Համերգի գլխավոր հերոսը Վիգեն Հովսեփյանն էր… Նա  շատ տաղանդավոր երիտասարդ է, բարձրակարգ երաժիշտ: Ինձ համար շատ հաճելի է իմ փոքր ներդրումն ունենալ նրա կայացման գործում: Հպարտ եմ, որ Վիգենի պես երաժիշտը Հայաստանում է և նոր շունչ է բերում մեր երաժշտական կյանքին»,-նշեց Հասմիկ Մովսիսյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Music of Armenia-ի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am