Վրաստանի ներքին գործերի նախարարն անդրադարձել է «Իգլա»-ի գործին
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը համագործակցում է Երևանի իր գործընկերների հետ՝ կապված Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգի փոխադրման փորձի գործի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Գրուզիա օնլայնը», այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին:
«Քննություն է ընթանում, մանրամասներն ուսումնասիրվում են: Մենք կապի մեջ ենք մեր հայ գործընկերների հետ, իսկ հետաքննության արդյունքների մասին կհայտնենք հանրությանը»,- նշել է Մգեբրիշվիլին:
Ավելի վաղ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը տեղեկացրել է, որ մաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի կապակցությամբ իրականացվող նախաքննության ներկայիս փուլում կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ, որոնք ուղղված են կատարված հանցանքին նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը հստակեցնելուն, ինչպես նաև դեպքի մյուս հանգամանքները պարզաբանելուն:
«Միաժամանակ Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ անցկացվում են համատեղ միջոցառումներ՝ հայտնաբերված ռազմամթերքը հայ-վրացական պետական սահմանով ենթադրաբար անցկացնելու վերաբերյալ ձեռք բերված նախնական տվյալների հավաստիությունը ստուգելու համար:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնում է նաև, որ քրեական գործի շրջանակներում նոր զարգացումների առկայության դեպքում դրանց վերաբերյալ կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»,- նշված է եղել ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում