Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները սպասելի էին. քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները սպասելի էին, ոչ մի անակնկալ չկար: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Իհարկե, «Ելք» դաշինքն ակնկալում էր ավելի շատ ձայներ, սակայն, կարծում եմ, ի սկզբանե ընդհանուր առմամբ հասկանալի էր, որ քաղաքապետը ՀՀԿ թեկնածուն է լինելու»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Համեմատելով վերջին խորհրդարանական ընտրությունների հետ` քաղաքագետը նշեց, որ քաղաքացիները, ովքեր քվեարկել են այն քաղաքական ուժերի օգտին, որոնք ավագանու ընտրություններին չեն մասնակցել, պարզապես չեն գնացել ընտրատեղամասեր: Այսինքն` պասիվ են գտնվել:
«Պարզ էր, որ ասենք, Գագիկ Ծառուկյանի օգտին քվեարկողները ավագանու ընտրություններին ընտրության հնարավորություն չունեին: Ո՞ւմ օգտին քվեարկեին, Զարուհի Փոստանջյանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի, միգուցե Տարոն Մարգարյանի՞»,-նշեց քաղաքագետը:
Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, Երևանի ավագանու ընտրություններին կիրառվեցին նույն խորհրդարանական ընտրությունների մոտեցումները: Աշխատեց ոչ թե գաղափարախոսությունը, ծրագիրը, այլ նյութական շահը:
«Պարզ էր, որ վերջին ընտրություններին լցոնումներ չկային, քաղաքացիների փոխարեն քվեարկումներ չկային: Այս անգամ քաղաքացիներին փորձում էին շահել այս կամ այն նյութական առաջարկներով, դա կլինի գումար, թե ասֆալտապատում, շենքի մուտքի դռները փոխել և այլն»,-ավելացրեց նա:
Քաղաքագետը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց ամբողջ ընդդիմադիր դաշտի ձայները հավաքել, միգուցե, նաև այն պատճառով, որ այդ նույն դաշտում խաղում է Զարուհի Փոստանջյանը:
Դիտարկելով վերջին մի քանի ընտրությունները` քաղաքագետը նշեց, որ ընդդիմադիր հատվածին տրվող ձայները տարեցտարի նվազում են: Մարդիկ կորցրել են հավատն ընդդիմադիր ուժերի նկատմամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում