20:32, 22 Մայիս 2017
ԳՅՈՒՄՐԻ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը տնտեսում կունենա վերականգնվող էներգիայի հաշվին: Մայիսի 22-ին Հայաստանի հնագույն թատրոններից մեկը՝ Գյումրու դրամատիկական թատրոնն ազդարարեց «Վերականգնվող էներգիան՝ որպես տեխնոլոգիական զարգացման գործիք» ծրագրի մեկնարկի մասին: Այդ նպատակով Գյումրիում էին ծրագրի պատասխանատուներն ու ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Վերջիններս ներկայացրին համակարգի առավելությունն ու դրա շնորհիվ այն տնտեսումը, որը տարեկան թատրոնին կարող է լրացուցիչ 1-2 նոր ներկայացում «նվիրել»:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Վերականգնվող էներգիան՝ որպես տեխնոլոգիական զարգացման գործիք» ծրագրի և «Արփի Սոլարի» արևային համակարգի շնորհիվ թատրոնը կապահովվի անվճար էլեկտրաէներգիայով՝ 25,44 կվտ ընդհանուր հզորությամբ արևային ֆոտովոլտային ներցանցային համակարգի միջոցով: Նախաձեռնության շնորհիվ մինչև 25 տարվա կենսագործունեության ժամկետ ունեցող արևային համակարգը տարեկան կխնայի մինչև 2 միլիոն դրամ գումար:
«Ինչ է նշանակում տարեկան մինչև 2 միլիոն դրամ տնտեսում՝ դա տարեկան 1 կամ 2 նոր ներկայացում է: Սա նշանակում է, որ մենք 1 կամ 2 անգամ ավելի հասանելի կլինենք ժողովրդին՝ մշակույթով, որ կկարողանանք մշակույթի միջոցով հասանելի դառնալ մարդկանց հոգիներին»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ առաջարկելով թատրոնում կազմակերպել ճանաչողական տուր՝ աշակերտներին ցույց տալով համակարգի աշխատանքը:«Եթե Գյումրու դրամատիկական թատրոնը 10 տարի առաջ նման հնարավորություն ունենար, այսօր թատրոնի տեխնիկական վերազինման խնդիրը 80 տոկոսով արդեն լուծած կլինեինք: Ծրագիրն իր մեջ ունի մի շատ կարևոր նախապայման՝ Գյումրու դրամատիկական թատրոնին մենք ապահովում ենք ոչ միայն կանաչ էներգիայով, այլ նաև նորացվող տեխնիկական միջոցներով, որը ժամանակակից թատրոնի համար շատ կարևոր է ու շատ պետք է»,-նշեց թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:Ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության կողմից` «Ֆիլիպ Մորրիս Հայաստան»-ի ֆինանսավորմամբ և «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամ»-ի ու «Արփի Սոլար» արևային էներգիայի համակարգերի ընկերության հետ համագործակցությամբ։Ծրագրի շրջանակներում տեղադրվել են 91 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգեր և 11.000լ ծավալով արևային ջրատաքացման համակարգեր: Նպատակը արևային էներգիայի օգտագործման մասսայականացումն ու վերականգնվող էներգիայի միջոցով առաջացած ֆինանսական խնայողությունները սոցիալ-կրթական և մշակութային ծրագրերին ուղղելն է: Ծրագիրը խրախուսում է նաև մաքուր էներգիայի կիրառումը և էներգետիկ ռեսուրսների տնտեսումը:
Արմենուհի Մխոյան