Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների թվի 25 տոկոս աճ

 Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների թվի 25 տոկոս աճ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2017թ. ապրիլի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ զբոսաշրջության 25 տոկոս աճ է արձանագրվել: «Հայաստանի քարտեզագրումը` որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային ուղղություն, հնարավորությունները, մարտահրավերները և առաջընթացի ուղին» խորագրով համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության զարգացման պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: «Այս տարվա առաջին եռամսյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք զբոսաշրջության 15 տոկոս աճ: Առաջին 4 ամսվա տվյալներով աճը կազմում է 25 տոկոս, իսկ միայն ապրիլ ամսվա ընթացքում նախորդ տարվա ապրիլի նկատմամբ աճը կազմում է 45 տոկոս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Զեյթունցյանը:

Նա հավելեց, որ այս պահին վերլուծական աշխատանքներ են տարվում, քանի որ անցած տարվա ապրիլյան պատերազմը մեծ ազդեցություն է ունեցել զբոսաշրջիկների այցելությունների վրա: «Թեև մենք անցյալ տարվա ապրիլին էլ զբոսաշրջության 5 տոկոս աճ ունեցանք, բայց ամեն դեպքում ապրիլյան պատերազմն էական ազդեցություն ունեցավ: Հիմա մենք ցանկանում ենք պարզել, թե որքան կլիներ այս տարվա աճը նախորդ տարվա նկատմամբ, եթե չլիներ պատերազմը: Ես վստահ եմ, որ տարբերությունն այդքան մեծ չէր լինի»,- ասաց Զարմինե Զեյթունցյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճն արձանագրվել է հիմնականում թիրախային շուկաներ համարվող երկրներից այցելությունների աճի հաշվին: «Զգալիորեն աճել է Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը: Զբոսաշրջիկների թվի աճ ունենք նաև Չինաստանից, որի դեպքում աճը քանակային առումով փոքր է, սակայն տոկոսային առումով շատ մեծ է: Ֆիլիպիններից ևս զբոսաշրջիկների թվի աճ ունենք: Աճ ունենք նաև Ռուսաստանից: Ես կարող եմ ասել, որ Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստան ներքին անձնագրերով այցելելու հնարավորություն տալուց հետո երկու ամիսների ընթացքում շուրջ 7 հազար ռուս զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, և ես համոզված եմ, որ այս թիվը գնալով ավելանալու է»,- նշեց զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը:

Զեյթունցյանը նաև տեղեկացրեց, որ Իրանում և Ռուսաստանում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը ներկայացնելուն ուղղված միջոցառումներ են անցկացրել Իրանում և Ռուսաստանում, որոնց ընթացքում ներկայացրել են Հայաստանի մշակույթը, խոհանոցը, զբոսաշրջիկների համար հետաքրքրություն ներկայացնող տեսարժան վայրերը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am