Արժանապատվություն, անվտանգություն, աշխատանք. «Սասնա ծռեր» կուսակցությունը մտադիր է հայ ժողովրդին ապահովել «3 Ա»-երի իրենց բանաձևով
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը շարունակում է իրականացնել իր նախընտրական քարոզարշավը՝ այս անգամ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ժիրայր Սեֆիլյանի և Արա Պապյանի ուղեկցությամբ կուսակցության անդամներն ու պատգամավորի թեկնածուները եղան Ագարակում, Մեղրիում, որտեղ նրանց դիմավորեցին աղ ու հացով:
Մեղրիից հետո քարոզարշավը շարունակելու են դեպի Քաջարան, Կապան, Գորիս, Սիսիան, Վայք և Եղեգնաձոր քաղաքներ:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Արա Պապյանը կոչ է անում հայ ժողովրդին քվեարկել այն կուսակցությանը, այն թեկնածուին, ում վստահում են, ում անցյալին և արած գործերին լավ են ծանոթ:
«Մեր կուսակցությունը նոր է, բայց բոլոր անդամներն էլ դեռ շատ տարիներ առաջ են սկսել աշխատել և պայքարել հայրենիքի համար: Այժմ «Սասնա ծռեր»-ը գալիս են բերելու «3 Ա»՝ արժանապատվություն, անվտանգություն, աշխատանք»,- նշեց Պապյանը:
Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում