Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր

ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են 
տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարշավայում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, լեհականը՝ Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և ընդգծելով երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության և փոխադարձ աջակցության հնարավորությունները։

«Խորհրդակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությանը։ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարևորությունը՝ ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումները տարածաշրջանային առանցքային հարցերի շուրջ, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Նշվում է, որ Լեհաստան կատարած այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել նաև Լեհաստանի նախագահի աշխատակազմի Միջազգային քաղաքականության գրասենյակի ղեկավար, պետքարտուղարի տեղակալ Միեշկո Պավլակի և նախագահի խորհրդական Վոյցեխ Գերվելի, ինչպես նաև Լեհաստանի Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գժեգոժ Շչետինայի հետ։ ԱԳ նախարարի տեղակալը Վարշավայում մասնակցել է նաև պանելային քննարկման «Defence24 Days» համաժողովի շրջանակներում, ինչպես նաև հանդիպում է ունեցել Արևելյան ուսումնասիրությունների կենտրոնում (OSW - Center for Eastern Studies):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am