Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ՎԶԵԲ-ը ՀՀ-ում խոշոր ներդրողներից է, մասնակցել է 200-ից ավել ծրագրերի ֆինանսավորմանը․ Վահագն Խաչատուրյան

ՎԶԵԲ-ը ՀՀ-ում խոշոր ներդրողներից է, մասնակցել է 200-ից ավել ծրագրերի 
ֆինանսավորմանը․ Վահագն Խաչատուրյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև համագործակցության շրջանակն ընդարձակ է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի շրջանակներում տեղի ունեցող «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, որը նորարարություն է գեներացնում» խորագրով քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ 

Նա նախ և առաջ շնորհավորեց բոլորին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 30-րդ տարեկան հանդիպումն իրականություն դարձնելու առթիվ։ Նախագահի կարծիքով՝ սա բացառիկ, ինչու ոչ, պատմական իրադարձություն է՝ Հայաստանը հյուրընկալում է նման հեղինակավոր ֆինանսական կառույցի տարեկան հանդիպումը, որն առաջինն է Հայաստանի համար, բայց վստահաբար ոչ վերջինը։

«Բանկի տարեկան հանդիպման անցկացումը մեր երկրում համարում ենք հարգանքի և վստահության վառ դրսևորում։ Համոզված ենք, որ պատվով ավարտին կհասցնենք այս առաքելությունը և հուսով ենք նոր նշաձող սահմանել տարեկան հանդիպումների կազմակերպման գործընթացում»,- ավելացրեց Խաչատուրյանը։

Նախագահի խոսքով՝ բանկը Հայաստանում խոշոր, ինստիտուցիոնալ ներդրողներից է, Հայաստանի համար առանցքային գործընկեր։

«Այսօր, երբ հետհայացք ենք նետում, հպարտանում ենք մեր ընդհանուր ձեռքբերումների, տարբեր ոլորտներում համատեղ ջանքերի, հաջողությունների և առաջին հերթին աճող փոխըմբռնման համար։

Բանկը մասնակցել է Հայաստանում 200-ից ավել ծրագրերի ֆինանսավորմանը։ Հայաստանի պորտֆելի 80 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին, ինչը տպավորիչ ցուցանիշ է»,- ընդգծեց Խաչատուրյանը։

Նա ուրախությամբ արձանագրեց, որ այս տարիների ընթացքում կենսական ուղղություններով նշանակալի արդյունքներ են արձանագրվել։

«Արդյունավետ համագործակցության երկարամյա տարիների ընթացքում ձեռնարկվել են մի շարք նախաձեռնություններ, որոնք նպաստել են Հայաստանում տնտեսական ակտիվացմանը և զարգացմանը։

Խիստ կարևորում ենք կառույցի աջակցությունը փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման, ֆինանսական հասանելիության ապահովման, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում»,- ասաց Խաչատուրյանը։

Ըստ նախագահի՝ բանկն իր մեծ ներդրումն է ունեցել Հայաստանի ֆինանսական համակարգի կայուն զարգացման գործում։

«Վստահ ենք, որ մեր համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ կամրապնդվի և ֆինանսական հատվածի զարգացման ու ֆինանսների հասանելիության բարելավման բանկի ռազմավարական ծրագրերը միայն կընդլայնվեն»,-շեշտեց Խաչատուրյանը։

Նախագահը մեկ այլ բացառիկ հնարավորություն է համարում Հայաստանի ներդրումային հեռանկարների այս նիստը, որը միտված է բացահայտելու Հայաստանի ներուժը և այն ավելացված արժեքը, որը Հայաստանը կարող է բերել Հարավային Կովկասի տարածաշրջանին՝ այն դարձնելով էլ ավելի գրավիչ արտաքին աշխարհի և ներդրողների համար։

«Երբ խոսք է գնում Հայաստանի տնտեսական զարգացումներից, ապա կարևոր է ընդգծել, որ վերջին տարիներին Հայաստանը տնտեսության զարգացման մեծ թափ է հավաքել՝ գրանցելով բարձր՝ միջինում 9 տոկոս աճ։ Եվ, չնայած Հայաստանի կառավարության ջանքերին, զուգահեռ օբյեկտիվորեն արտաքին գործոններն էլ են դրական ազդեցություն ունեցել։

Մասնագետների շրջանում հստակ համաձայնություն կա, որ մեր տնտեսական աճի ներուժը բարձրացել է։ Դրան մեծ նպաստ են բերում Հայաստանի կառավարության հավակնոտ տնտեսական աջակցության ծրագրերը, որոնք միտված են լավարկելու տնտեսության բարդությունը և խթանելու ավելացված արժեք ստեղծող ներքին և օտարերկրյա արտադրությունները։

Առանցքային են նաև վերջին տարիներին աննախադեպ ցնցումների պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության և կենտրոնական բանկի մակրոտնտեսական կայունության ապահովման ջանքերը, ինչը ցանկացած երկրում ներդրում կատարելու գրավչության կարևոր հենասյուներից է, և որի շնորհիվ հնարավոր է եղել պահպանել բարձր աճի տեմպերն ու գրանցել ցածր գնաճ, ինչը բացառիկ արդյունք է աշխարհի մասշտաբով»,- նշեց նախագահը։

Ինչ վերաբերվում է զարգացման հիմնական ուղղություններին՝ նախագահն ասաց, որ այն կլինի գիտության, կրթության և բարձր տեխնոլոգիաների ուղղվածությունը։

«Հայաստանը նպատակադրել է զարգացնել այնպիսի տնտեսություն, որը մի կողմից աշխարհին կառաջարկի տեխնոլոգիական և նորարարական արտադրանք, իսկ մյուս կողմից մեծ թափով կառուցվող և արդիականացվող իր ենթակառուցվածքներով զգալիորեն կնպաստի տարածաշրջանի առևտրային հոսքերը սպասարկելու կարողությունների բարձրացմանը։

Մենք փորձում ենք տեղորոշվել աշխարհի տնտեսական քարտեզի վրա՝ հիմնովին նոր գիտելիքահենք միջավայրի ձևավորման շնորհիվ՝ շեշտը դնելով կրթության, գիտության և հետազոտության վրա»,- եզրափակեց Խաչատուրյանը։

  

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am