Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. ապրիլ, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. 
թարգմանական. ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է ապրիլի վաճառքների հիման վրա:

Մայք Օմերի «Մարդասպանի աչքերով» գիրքը առաջին տեղում է։ Չիկագոյում հայտնվել է սերիական մարդասպան, որը սպանում, այնուհետև զմռսում է կանանց և որոշակի դիրք հաղորդելով դիակներին՝ թողնում հանրային վայրերում։

Ոստիկանությունը մոլագարին բռնելու համար ներգրավում է ՀԴԲ-ի քրեական հոգեբան Զոի Բենթլիին և գործակալ Թեյթում Գրեյին։ Զոին մարդասպանի հիվանդագին մտքերը կարդալու ունակություն ունի, իսկ Գրեյը չափազանց խիզախ ու հմուտ գործակալ է։ Բայց արդյո՞ք երիտասարդ հոգեբանի և գործակալի համագործակցությունն արդյունավետ կլինի, կհասցնե՞ն նրանք բացահայտել մոլագարին, նախքան նոր դիակի հայտնվելը քաղաքում․․․Գրքի յուրահատկությունն այն է, որ հեղինակը հնարավորություն է տալիս այս հանցագործություններին նայել նաև մարդասպանի աչքերով, հասկանալ նրա հույզերն ու արարքների դրդապատճառները։

Քրիս Յուանի «Տան որսը» երկրորդ տեղում է։ Հայերեն թարգմանված այս նոր անգլիական դետեկտիվը՝ Քրիս Յուանի կատարմամբ, արդեն իսկ խոստանում է դառնալ ամենամեծ գրքային իրադարձություններից մեկը Հայաստանում:

Գերլարված, խելացի մտածված և անսպասելի հանգուցալուծումներ ունեցող սյուժեն կստիպի ձեզ մոռանալ բոլոր այլ գործերի մասին և կգամի ձեզ գրքի էջերին գիշերներ շարունակ: Թարգմանիչ՝ Էլմա Վարդանյան։

Նիթա Փրոուզի «Աղախինը» երրորդ տեղում է։ Նիթա Փրոուզի դեբյուտային «Աղախինը» այն քիչ գրքերից է, որը բեսթսելեր է դարձել նույնիսկ մինչև լույս տեսնելը։ Հայտնի խմբագիր Փրոուզի սպասվող գրքի մասին խոսակցություններն այնքան շատ էին, որ տասնյակ երկրներում հրատարակիչները շտապում էին ձեռք բերել դրա հեղինակային իրավունքները։ Եվ գիրքը, իրոք, ստացվել է: Պատմության կենտրոնում հյուրանոցի միամիտ աղախին Մոլլին է, որը հայտնվել է հայտնի օլիգարխի սպանության, թմրանյութերի շրջանառության և թրաֆիքինգի գործի էպիկենտրոնում, և բոլոր սլաքները ցույց են տալիս միակ մեղավորին՝ Մոլլիին: Բայց արդյո՞ք դա այդպես է: Թարգմանությունն անգլերենից՝ Կարինե Պետրոսյանի։

Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» չորրորդ տեղում է։ Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են եւ՛ դասախոսները, եւ՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները: Մարիանա Անդրոսը փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապեւտ է։ Նրա ուշադրությունը սեւեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը: Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է, թեեւ վերջինս հիմնավոր ալիբի ունի։ Բայց պրոֆեսորն ինչո՞ւ պիտի թիրախավորեր ուսանողուհու: Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան։

Ագաթա Քրիստիի «Լուռ վկան» հինգերորդ տեղում է։ Սիրելի Փիթերին՝ ընկերներից ամենահավատարիմին և ուղեկիցներից ամենասիրելիին, որ բացառիկ մի շուն է:

Ագաթա Քրիստիի «Լուռ վկան» վեպը առաջին անգամ հրատարակել է Անգլիայի Collins Crime Club-ը 1937 թվականին: Նույն տարում հրատարակվել է նաև Միացյալ Նահանգներում՝ «Պուարոն հաճախորդ է կորցնում» վերնագրով: Վեպում հանրահայտ բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոն փորձում է պարզել, թե ով է սպանել ծեր միսս Արնդելին, իսկ այդ ամենն ընթերցողին ներկայացնում է կապիտան Արթուր Հասթինգսը: Թարգմանությունը՝ Շուշան Փայտյանի։

Ալեքս Մայքլիդիսի «Ցասում»-ը վեցերորդ տեղում է։ Հին ընկեր, նախկին կինոաստղ Լանա Ֆարրարը մեր խմբին հրավիրում է փոքրիկ կղզի՝ ժամանակ անցկացնելու:

Եղանակը տաք կլինի, արևոտ: Հանգստանալու և շփվելու հրաշալի հնարավորություն կստեղծվի։ Եվ, ո՞վ գիտե, գուցե որոշ գաղտնիքներ ջրի երես դուրս գան հունական այս դրախտում: Չէ՞ որ այս մասնավոր կղզում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է. ո՛չ Լանան, ո՛չ նրա հյուրերը, ոչ էլ, հաստատ, մարդասպանը, որը ցասումով հյուսում է իր հանցանքի ծրագիրը: Բայց ո՞վ եմ ես: Անունս Էլիոթ Չեյզ է, ու ես ձեզ կպատմեմ ամեն ինչ: Այսպիսի պատմություն դուք երբեք չեք լսել: Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան։

Յոթերորդ տեղում է Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս երաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։

Միխայիլ Բուլգակովի  «Վարպետը և Մարգարիտան» ութերորդ տեղում է։ «Վարպետը և Մարգարիտան» Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար շատ կարևոր` արվեստագետի և իշխանության թեման: Վեպը կարծես ամփոփում է գրողի պատկերացումները կյանքի իմաստի, մարդու, նրա մահվան ու անմահության, բարի և չար սկզբունքների պայքարի մասին, պատմության մեջ և մարդու բարոյական աշխարհում: Թարգմանությունը ռուսերենից՝ Լեռնիկ Դալլաքյանի։

Իններորդ հորիզոնականում Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակի, որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը, որպես 1966 թվականի լավագույն վեպ։ Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան:

Տասներորդ տեղում է Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը։ 44-օրյա պատերազմը փոխեց հայկական իրականությունը։ Պարզ էր, որ 2020-ից հետո ամեն ինչ նախկինի պես չի լինելու։ Բայց մի բան է, երբ մենք ենք դրա մասին խոսում, գրքեր գրում՝ մեկ այլ բան, երբ այսքան կարևոր թեմայի անդրադառնում են այլազգի գրողները։ Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը գեղարվեստական ստեղծագործություն է, որի առանցքում 44-օրյա պատերազմն է։ Վեպ, որտեղ կգտնեք հուզիչ սիրային պատմություն, տաքուկ մարդկային հարաբերություններ, բայց նաև  պատերազմի դաժան իրականություն, որը անտարբեր ոչ ոքի չի թողնի։ Գրքում պատմվում է Մոսկվայում բնակվող ընկերների մասին։ Նրանցից երկուսը հայ են, մեկը վրացի, մյուսն էլ ադրբեջանցի։ Ընկերներից մեկը Մարատը 44-օրյա պատերազմի օրերին հայտնվում է Արցախում։ Թարգմանությունը՝ Նորայր Ենգիբարյանի։

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

             Մայք Օմեր

         «Մարդասպանի աչքերով» 

Դավինչի 213
2 *

          Քրիս Յուան

       «Տան որսը» 

Դավինչի 90
3 +1

Նիթա Փրոուզ

«Աղախինը» 

Դավինչի 78
4 -2

Ալեքս Մայքլիդիս

«Կույսերը»

Newmag 69
5 -2

Ագաթա Քրիստի

«Լուռ վկան»

Էդիթ Պրինտ 58
6 -5

Ալեքս Մայքլիդիս

«Ցասում»

Newmag 46
7 -2

Էլիզաբեթ Գիլբերթ

«Ուտել, աղոթել, սիրել»

Զանգակ 40
8 +2

Միխայիլ Բուլգակով

«Վարպետը և Մարգարիտան»

Անտարես 30
9 *

Դենիել Քիզ

«Ծաղիկներ Էլջերնոնի համար»

Անտարես 27
10 -4

Գամիդ Ամիրով

«Արցունքներ դրախտում» 

Բուկինիստ 27

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am