Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Վարչապետը կարևորում է Ադրբեջանի հետ Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմանի վերարտադրումը՝ իրավական հիմք ունեցող քարտեզներով

Վարչապետը կարևորում է Ադրբեջանի հետ Խորհրդային Միության փլուզման 
պահին եղած սահմանի վերարտադրումը՝ իրավական հիմք ունեցող քարտեզներով

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում Հայաստանը որդեգրել է սկզբունք, որ պետք է վերարտադրել այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 16-ին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ սահմանազատման գործընթացի հիմքը Խորհրդային Միության գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են, որոնք 1979 թվականին հերթապահության գործընթաց են անցել․ դրանք դե յուրե հաստատված վերջին քարտեզներն են, իսկ որպես այդպիսին այլ քարտեզ գոյություն չունի։

«Խորհրդային հանրապետությունների միջև, ըստ էության, եթե չասենք անընդհատ, ապա պարբերաբար սահմանային հարցերի ճշգրտումներ են եղել՝ հանրապետությունների ներքին օրենսդրությունների, գործելակարգերի համաձայն, իհարկե, Խորհրդային Միության օրենսդրության շրջանակներում։ Իսկ այդ, արդեն իսկ հաստատված գործընթացներին, քարտեզագրական մակարդակով վերջնական իրավական ուժ հաղորդել է գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում Խորհրդային Միության  լիազոր մարմինը, որը պարբերաբար, ժամանակ առ ժամանակ հանրապետություններից հավաքել է արդեն իսկ հանրապետություններում իրավական ուժ ստացած որոշումները։ Ընդ որում՝ ամբողջական կամ հատվածական։ Դրանք վերստուգվել են՝ սա շատ կարևոր հանգամանք է, այսինքն՝ ոչ միայն տեղեկությունները հավաքվել են, այլև լիազոր մարմինը հետ է գնացել պարզելու համար, թե իր ստացած տեղեկությունը որքանով է իրավականորեն հիմնավորված։ Եվ ահա այս բոլոր տեղեկությունների հիման վրա հաստատել է խորհրդային հանրապետությունների միջև սահմանային գծի քարտեզագրական հիմքը»,-պարզաբանեց Փաշինյանը։

Վարչապետը կարևորեց նախանշված այն սկզբունքը, որ պետք է սահմանների վերարտադրություն տեղի ունենա։

«Ավելի պարզ լեզվով ասած՝ մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է։ Սա նույնպես չափազանց կարևոր սկզբունք է, որովհետև եթե մենք գնայինք այն տրամաբանությամբ, որ, այս սկզբունքից շեղվելով, մենք պետք է նոր սահմանային գիծ ստեղծենք, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի և ռազմական բախումների ուղղակի հարատև աղբյուր։ Իհարկե, ես չեմ ուզում գերագնահատենք տեղի ունեցող գործընթացը, բայց չեմ էլ ուզում թերագնահատենք․այս սկզբունքի ամրագրմամբ մենք, ըստ էության, էսկալացիոն կոնտեքստը, եթե դուրս չենք բերել՝ առնվազն էականորեն նվազեցրել ենք»,-հավելեց ՀՀ վարչապետը՝ այդ  առումով կարևորելով և էական հաջողություն համարելով սահմանազատման՝ տեղի ունեցած գործընթացը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am