Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Երվանդ Քոչարի թանգարանը «Մարդ-քաղաք» շարքին նվիրված միջոցառումներով կտոնի «Թանգարանային գիշեր»-ը

Երվանդ Քոչարի թանգարանը «Մարդ-քաղաք» շարքին նվիրված միջոցառումներով 
կտոնի «Թանգարանային գիշեր»-ը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1930-ական թվականներին մարդ և քաղաք թեման եղել է մեծանուն նկարիչ, արձանագործ Երվանդ Քոչարի ստեղծագործությունների առանցքում: Հենց այդ տարիներին էլ ծնվել է արվեստագետի «Մարդ-քաղաք» շարքը, որի հերոսը ապագայի մարդն է, որն ապրում է երկնաքերերով, խուլ և ամայի փողոցներով քաղաքում, որը մարդուն ռոբոտի է վերածում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս շարքին են նվիրված Երվանդ Քոչարի թանգարանի միջոցառումները, որոնք անցկացվելու են մայիսի 18-ին «Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակում:

Մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը թանգարանի տնօրեն Կարինե Քոչարն ասաց՝ ցուցադրելու են մի արտ օբյեկտ՝ մոտ 2,5 մետր բարձրությամբ, յուրահատուկ տեխնոլոգիաներով: «Կարծում եմ՝ յուրաքանչյուր այցելու կունենա իր անհատական փոխազդեցությունն այդ օբյեկտի հետ, որը ներշնչված է Քոչարի շարքից: Ներկայացվելու է նաև «Մելանխոլիա» արձանին նվիրված տեսաֆիլմ, որը հետաքրքիր բացահայտումներ կանի և՛ արձանի, և՛ Քոչարի արվեստի մասին: Միջոցառումներն  ուղղված են տպավորիչ զգացողություններ առաջացնելուն, ինչն այցելուներին կստիպի տարվա ընթացքում հետևել թանգարանի գործունեությանն ու հնարավորության դեպքում գալ թանգարան»,-նշեց Կարինե Քոչարը:

Նա հիշեցրեց, որ 2024-ին տոնում են Երվանդ Քոչարի 125-ամյակը, ուստի բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ են անցկացնելու:

«Թանգարանը մի շարք ծրագրեր է նախատեսել, որոնք աստիճանաբար իրականացնում է: Առաջինը Փարիզում Պիկասոյի թանգարանի հետ համագործակցությամբ միջոցառումն է եղել, երբ Քոչարի տարածական նկարչության մեկ ցուցանմուշ, որը ներառված է Փարիզի Պոմպիդու կենտրոնի հավաքածուում, ցուցադրվել է Պիկասոյի թանգարանում: Դա մեծ ձեռքբերում է»,-նշեց Կարինե Քոչարը:

«Թանգարանային գիշերն» առաջին անգամ անցկացվել է Բեռլինում 1997 թվականին:

Միջոցառումը լավ է ընդունվել, իսկ մասնակից հաստատությունների թիվը կտրուկ աճել է: Նախաձեռնությունն անցկացվել է Եվրոպայի ավելի քան 120 քաղաքում, ինչպես նաև Արգենտինայում և Ֆիլիպիններում: «Թանգարանային գիշերվա» ընթացքում թանգարաններն ու մշակութային հաստատությունները բաց են մնում մինչև ուշ գիշեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am