G7-ի առաջնորդների հանդիպումը ԱՄՆ-ում չի կայանա, այն կփոխարինվի տեսակապով

Armenpress 10:30, 20 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի հունիսին նախատեսված Մեծ յոթնյակի՝ G7-ի առաջնորդների հանդիպումը ԱՄՆ-ում: Պատճառը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված առկա իրավիճակն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը:

«Նման որոշման նպատակն այն է, որ յուրաքանչյուր երկիր կենտրոնանա իր ունեցած ողջ ռեսուրսի վրա՝ պատասխան տալու կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորած առողջապահության ոլորտում առկա մարտահրավերներին»,-պարզաբանել է նա:

Նշվում է, որ շփումը կլինի տեսակապի միջոցով, ընդ որում, ոչ միայն հունիսին, այլև ապրիլին և մայիսին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել աշխարհում: Ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 200 հազարը: Վարակը տարածվել է 170-ից ավելի երկրներում և տարածքներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am