Համարվում ենք այն երկրի քաղաքացի, որտեղ մեր իրավունքները լիովին պաշտպանված են. ՀՀ ԱԺ եզդի պատգամավոր

Armenpress 15:59, 15 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում է, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար չվճարվող արձակուրդի հնարավորություն տրվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաքոյանը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ ապրիլի 15-ի նիստում:

Նա նախ շնորհավորական ուղերձով դիմեց իր ժողովրդին, որն այս օրերին նշում է Տարեգլխի չորքեքշաբթին՝ Ամանորը:  «Հայոց ցեղասպանությունից գրեթե 100 տարի անց 21-րդ դարի սկզբին եզդիներն իրենց բնօրրանում ցեղասպանվեցին: Մենք ապրում ենք բուռն հակասական շրջանում, ցավոք 21-րդ դարում դեռ մեզ՝ եզդիներիս սպանում են ազգային պատկանելիության և կրոնի համար: Սակայն այս համատեքստում ես և Հայաստանում ապրող բոլոր եզդիները հպարտանալու մի մեծ առիթ ունենք, ապրում և համարվում ենք այն երկրի քաղաքացիներ, որտեղ մեր իրավունքները լիովին պաշտպանված են, մեր կյանքն այստեղ գերագույն արժեք է»,-ասաց նա:

Բաքոյանը ԱԺ ամբիոնից եզդիերեն խոսք ուղղեց ողջ աշխարհի եզդիներին: Նա վստահեցրեց, որ իր օրինաստեղծ գործունեությամբ հնարավորինս օգտակար կլինի Հայաստանի եզդիական համայնքին: Այնուհետև պատգամավորը ներկայացրեց իր հեղինակած օրենքի նախագիծը: «Առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ հինգերորդ կետով, այն է՝ ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար ոչ ավելի քան, տարեկան 4 օր չվճարվող արձակուրդ տրամադրել»,-ասաց նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը Գևորգ Պետրոսյանը նշեց, որ մասնավոր ոլորտում աշխատելու փորձ ևս ունի և չի հիշում մի դեպք, երբ, օրինակ, ազգությամբ եզդի աշխատակիցը դիմի իր ազգային, տոնական օրերի կապակցությամբ տվյալ օրը աշխատանքի չներկայանալու համար և մերժում ստանա: Նախագծի նպատակն ինքնին հասկանալի է: «Բայց նախագծով մի տեսակ վատթարացվող վիճակ է սահմանվում: Փաստորեն, այն ժամանակ, երբ մեր հարգարժան եզդի ընկերները կարողանում էին վճարովի հիմունքներով այդ օրն օգտվել իրենց տոներին մասնակցելու իրավունքից, այս նախագծով ստացվում է, որ, փաստորեն, իրենք զրկվելու են այդ օրերի աշխատավարձից»,-ասաց Պետրոսյանն ու հետաքրքրեց, թե արդյոք նախագիծը քննարկե՞լ է համայնքի աշխատող անձանց հետ:

Բաքոյանն արձագանքեց՝ նախագիծը չի վերաբերում միայն եզդիական համայնքին: Անդրադառնալով ազգային տոների համար աշխատանքի չներկայանալուն խոչընդոտելու դեպքերին՝ նա նշեց, որ անձամբ իր հետ պատահել է նման դեպք պետական համակարգում աշխատելիս: Նա շեշտեց՝ ընդհանուր առմամբ հայերի եղբայրական վերաբերմունքն ակնհայտ է, բայց, օրենքով կարգավորումը կարևոր համարեց:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am