Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն

Armenpress 17:52, 8 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Էդուարդ Մարտիրոսյանն ազատվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Էդուարդ Մարտիրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից և արձակել ծառայությունից»,- ասված է հրամանագրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am