Մարտունու ԲԿ­­-ում կբացվի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված բաժանմունք

Armenpress 11:16, 10 Հունիս, 2020

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտունու բժշկական կենտրոնի տարածքում առաջիկա օրերի ընթացքում կբացվի կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման համար առանձնացված բաժանմունք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից,  Մարտունու բժշկական կենտրոնում  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը  ծանոթացել է  նորաստեղծ բաժանմունքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին եւ տեխնիկական ու կադրային հագեցվածության հետ կապված խնդիրներին:

Ինչպես ներկայացրեց Մարտունու ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը` նորաստեղծ բաժանմունքը գործելու է թեթեւ եւ միջին ծանրության հիվանդների համար 30, իսկ ինտենսիվ թերապիայի համար մինչեւ 10 մահճակալ հզորությամբ: Բուժսպասարկումը կիրականացվի տեղի մասնագետների ուժերով: Բաժանմունքն ունենալու է առանձին մուտք, բարեկարգվում է նաեւ բաժանմունք տանող ճանապարհը: «Այս քայլը ձեռնարկվել է ՀՀ կառավարության եւ մեր համատեղ նախաձեռնությամբ: Նկատի ունենալով մեր մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը եւ ստեղծված իրավիճակը՝ նպատակահարմար համարեցինք ստեղծել այս բաժանմունքը, որպեսզի կարողանանք տեղում բուժօգնություն ցուցաբերել մեր քաղաքացիներին: Բոլոր ուղղություններում աշխատում ենք արագացված տեմպերով՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ: Անելու ենք հնարավորը, որպեսզի առաջիկա օրերի ընթացքում բաժանմունքը սկսի ընդունել հիվանդների: Այն կսպասարկի հիմնականում մեր մարզի բնակչությանը, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ Արցախի եւ Հայաստանի այլ մարզերի բնակիչներին»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am