Նիկոլ Փաշինյանը զբոսնում է երևանյան փողոցներով և բժշկական դիմակներ բաժանում քաղաքացիներին

Armenpress 13:40, 18 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբոսնում է երևանյան  փողոցներում, շնորհակալություն հայտնում քաղաքացիներին դիմակ կրելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նաև քաղաքացիներին անվճար տրամադրում է դիմակներ։

Քաղաքացիներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնում Փաշինյանին և իրենց երախտիքի խոսքը հայտնում ծավալած աշխատանքի համար։

Վարչապետը զբոսանքի ընթացքում մտավ նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական իսնտիտուտ և ծանոթացավ, թե ինչպես են այնտեղ պահում հակահամաճարակային կանոնները։

Որոշ քաղաքացիներ իրենց հուզող հարցերով նաև մոտեցան Փաշինյանին, մի քանիսն էլ նամակներ փոխանցեցին։

Հայաստանում հունիսի 18-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18 698 դեպք, որոնցից 7560-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 728 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 89 992  թեստավորում:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 309 դեպք: Արձանագրվել է նաև մահվան ևս 10 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am