Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը կատարում է Covid-19-ի հիմնարարար գիտական հետազոտություններ

Armenpress 13:31, 1 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը ներկայում իրականացնում է մեծ քանակությամբ հետազոտություններ՝ ուղղված հակավիրուսային դեղամիջոցների կամ միացությունների հայտնաբերմանը, որոնք կարող են օգտագործվել կորոնավիրուսի բուժման նպատակով:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:

«Մեր հակավիրուսային մեխանիզմների ուսումնասիրությունների գիտական խումբը, որի ղեկավարը Հովակիմ Զաքարյանն է, արդեն կարողացել է իդենտիֆիկացնել մի քանի միացություն, որոնք ունեն լավ խնամակցություն վիրուսի սպիտակուցների հետ: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ այդ միացությունները կկարողանան ճնշել վիրուսի ներթափանցումը բջիջ: Ասեմ, որ արդյունքից մինչև կիրառություն դեռ երկար ճանապարհ կա: Նորից եմ կրկնում. սրանք հիմնարար գիտական հետազոտություններ են, մենք այս պահին չունենք դեղամիջոցներ, որոնք կարող ենք առաջարկել, որպես բուժման միջոցներ»,- ասաց Արսեն Առաքելյանը: Հարցին, թե արդյոք այդ հետազոտություններն ուղղված են միայն բուժման համար դեղամիջոցների հայտնաբերմա՞նը, ինստիտուտի տնօրենը նշեց, որ խոսքն այս պահին ավելի շատ բուժման մասին է: Արսեն Առաքելյանը նշեց, որ խոսքն առայժմ գիտական հետազոտությունների մասին է, հիմա այն փուլում չեն, որ առողջապահական մարմիններն արձագանքեն:

Այս ընթացքում ինստիտուտի պլանավորած գիտական հետազոտությունները շարունակվում են իրենց հունով, դրանք վերաբերում են տարբեր հիվանդությունների մոլեկուլային մեխանիզմների պարզաբանմանը, հետազոտություններ, որոնք ուղղված են նոր ախտորոշիչ թեստերի, դեղամիջոցների մշակմանը:

Ինչ վերաբերում է բուն կորոնավիրուսի հետ կապված գործընթացին, թեստերի արտադրությունից բացի, ինստիտուտն այս ընթացքում բավական մեծ ծավալով կատարել է գիտական կազմակերպությունների կողմից մշակված սարքավորումների, պարագաների փորձարկումներ: Օրինակ՝ իրենց մոտ են անցել փորձարկում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի մշակված ախտահանիչ սարքերը: Նաև երեկ ավարտվել են Աշտարակի և Երևանի ֆիզիկայի ինստիտուտների համատեղ մշակված դիմակների փորձարկումները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am