Զոհված զինծառայողների ընտանիքի անդամների կրթությունը դարձավ անվճար

Armenpress 12:02, 9 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն հեղինակել է խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը:

Օրինագծով առաջարկվում է լրացում կատարել օրենքի 67-րդ հոդվածում, ըստ որի զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքի անդամները` ծնողներն ու ամուսինը, կարող են ուսանել ՀՀ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Ներկայում պետական բարձրագույն ուսումնական բոլոր հաստատություններում ուսանում են զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների 12 անդամներ:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն՝ 86 «կողմ» ձայնով:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am