Տավուշի մարզի համայնքներում խուճապ չկա, իրավիճակը հսկողության տակ է․ Չոբանյան

Armenpress 14:38, 16 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կարևորել է մարզի համայնքի բնակիչների զգոնության պահպանումը և քաղպաշտպանության բոլոր կառույցների զգոն աշխատանքը, որովհետև ցանկացած պահի ցանկացած բնակավայրում  իրավիճակը կարող է փոխվել։ 

«Խուճապ չկա համայնքներում։ Այսօրվա ընթացքում առանձնահատուկ խնդրել ենք, որպեսզի մարդիկ պատսպարված լինեն և եթե անհետաձգելի աշխատանքներ չունեն, փորձեն, այնուամենայնիվ, մնալ պատսպարված։  Իրավիճակը կայուն է հսկողության տակ։ Մեր բանակի պրոֆեսիոնալ վարքագծի շնորհիվ ավելի հանգիստ ենք զգում մեզ մեր գյուղերում և քաղաքաներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 16-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց Չոբանյանը։

Հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդի հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am