Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներմուծման դադարեցման դեպքում գնաճ չի կարող լինել. նախարար

Armenpress 13:08, 6 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը վստահեցնում է, որ Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներմուծման դադարեցման հետևանքով գնաճ չի լինի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Խաչատրյանն ասաց նոյեմբերի 6-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Չի կարող լինել գնաճ մեկ պարզ պատճառով: Մեր գնահատականները վկայում են, որ այդ վերջնական սպառման ապրանքները, որոնք ներկրվում էին Թուրքիայից, տարեկան 50 մլն դոլարи արժեքы չէին գերազանցում: Եթե մեկ փոքր քանակություն փոխարինվում է մեկ այլ փոքր քանակությամբ` շուկայական գնի վրա այդ գործընթացն ազդեցություն ունենալ չի կարող»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարը նշեց, որ ձեռնարկատերերը գիտեն, թե թուրքական շուկան ինչ շուկաներով կարելի է փոխարինել:

«Մեր ձեռնարկատերերն, այդ բիզնեսում լինելով բավական երկար ժամանակ, իրենք շատ լավ գիտեն, թե որտեղ են դրանց այլընտրանքային շուկաները: Մենք ասել ենք, որ եթե կլինեն փոքր բիզնեսներ, որ այդ հարցում խորհրդատվության կարիք կունենան, կա մասնագետների խումբ, որը կօգնեն այդ բիզնեսներին»,- նշեց նախարարը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am