«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անկարան առայժմ ունի հետդարձի ճանապարհ

Armenpress 09:10, 11 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եղեռնի ճանաչման գործընթացը նոր թափով առաջ մղելու համար պայմաններ է ստեղծել հենց Թուրքիան՝ իր ներկայիս առաջնորդի վարած քաղաքականության արդյունքում, ընդ որում, ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի մյուս պետությունների նկատմամբ իրականացրած ագրեսիվ գործողությունների հետեւանքով: Իր գործողություններով Էրդողանը համաշխարհային հանրության հիշողությունը թարմացրեց Հայոց ցեղասպանության հարցում եւ դիվանագիտական սեղաններին վերադարձրեց 20-րդ դարի ոճրագործության ճանաչման հարցը: Այս միտման վառ օրինակն է երկու օր առաջ ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի երկկուսակցական նամակի ներքո կազմակերպած ստորագրահավաքի գործընթացի մեկնարկը, որով նախագահ Բայդենին կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան առայժմ ունի հետդարձի ճանապարհ: Այսօր նա դեռ չի կորցրել ի վերջո կառուցողական կեցվածք դրսեւորելու իր պատմական հնարավորությունը՝ գոնե միջազգային հանրության աչքերում ինչ-որ չափով արցախյան նոր խարանի հետքերը մեղմելու եւ ցեղասպանության օրակարգային հարցում իր բեռը թեթեւացնելու համար: Դրա համար Էրդողանն ընդամենը պետք է հորդորի իր «կրտսեր եղբորը»՝ Ալիեւին, վերադառնալ կառուցողական դաշտ եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ Արցախի կարգավիճակի հարցը քաղաքական ճանապարհով լուծելու համար»:

                            Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am