ՌԴ-ն Ադրբեջանի զորավարժություններում ռիսկեր չի տեսնում տարածաշրջանի անվտանգության համար

Armenpress 14:09, 12 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 15-18-ն անցկացվելիք օպերատիվ-տակտիկական զորավարժությունները պլանային բնույթ ունեն և ռիսկեր չեն պարունակում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մարտի 12-ի ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է՝ սովորաբար զորավարժություններ իրականացնում են Հարավային Կովկասի բոլոր պետությունները, դա արվում է կանոնավոր կերպով, համապատասխան տեղեկատվությունը նախապես տրվում է շահագրգիռ կողմերին:

«Մեր ունեցած տվյալներով՝ զորավարժությունները, ինչպես արդեն ասացի, պլանային բնույթ ունեն, ուղղված են զորքերի մարտական պատրաստվածությունը կատարելագործելուն և չեն ստեղծում ռիսկեր տարածաշրջանում կայունության և անվտանգության համար»,- ասել է դիվանագետը:

Ադրբեջանի ՊՆ-ն մարտի 11-ին հայտարարել էր 10 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժություններ անցկացնելու մտադրության մասին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am