Կառավարությունը սկսելու է ուղիղ աշխատել փոքր և միջին ձեռնարկատերերի հետ․ Վահան Քերոբյան  

Armenpress 12:25, 26 Մարտ, 2021

 ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը երախտապարտ է բոլոր այն կազմակերպություններին, ովքեր իրենց ներդրումը ունեն Հայաստանի զարգացման գործում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 26-ին Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ համաժողովի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Բոլորը գիտեն, թե ինչքան համագործակցող է մեր կառավարությունը բոլոր միջազգային կազմակերպությունների հետ, փորձում ենք այնպես անել, որ մեր համագործակությունը միջազգային կազմակերպությունների հետ լինի առավելագույնս արդյունավետ, և որ հասարակ մարդիկ իրանց կյանքում զգան էական տարբերություն։ Դրան է ակնհայտորեն միտված այս համաժողովը։ Իհարկե, մեր մարզի և համայնքների համատեղ ջանքերը ձեզ հետ համագործակցության արդյունքում պետք է ուղղված լինեն մարդկանց կյանքի բարելավմանը։ Կառավարությունը ունի բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են ներդրումային միջավայրը բարելավելու, գյուղական համայնքներում տնտեսական ակտիվությունը ուժեղացնելու և ընդհանարապես համայնքները ուժեղացնելուն»,- նշեց Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ կան բազմաթիվ գործող սուբվենցիոն ծրագրեր, և շուտով կմեկնարկեն սուբինվեստիցիոն ծրագրերը։

«Կառավարությունը սկսելու է ուղիղ աշխատել փոքր և միջին ձեռնարկատերերի հետ, որպեսզի հասարակ մարդկանց ավելի հասանելի լինեն կապիտալը և գիտելիքը, ինչի արդյունքում նրանց  համար բիզնես անելու համար փողը չի լինի ամենամեծ խոչընդոտը»,- ասաց Քերոբյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am