Արցախյան պատերազմում ահաբեկիչների մասնակցության ևս մեկ ապացույց. սովի մատնված գրոհայինները բողոքի ակցիա են անցկացրել

Armenpress 20:12, 9 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի կողմից ներգրավված «Սուլեյման Շահ» թուրքամետ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Աֆրինում բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով իրենց հասանելիք աշխատավարձը, որն արդեն մի քանի ամիս է չեն ստացել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ANFnews-ը, նրանք դրանում մեղադրում են իրենց հրամանատար Աբու Համշային, ով, ըստ գրոհայինների, թուրք հովանավորներից ստացված գումարները  յուրացրել է: Վարձկանները «Տելեգրամ» ալիքում կիսվել են բողոքի ակցիայից տեսանյութով:

«Մենք Լեռնային Ղարաբաղ էինք գնացել թուրքական պետության հետ միասին: Մենք ունենք նահատակներ։ Բրիգադի հրամանատար Աբու Համշան  վերցրել է մեր փողերն ու նահատակների ընտանիքների փողերը: Նույնիսկ ուտելու փող չունենք: Մենք դա չենք ընդունում»,- նշում է վարձկաններից մեկը:

2020 թվականի նոյեմբերի 1-ին  ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել էր ձերբակալված ազգությամբ արաբ  Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից մեկ հատված, որտեղ հիշատակվում է Աբու Համշա անունով հրամանատարը:

«Աբու Հուսեյն 23 անունով անձն ասաց, որ պետք է մեկնենք Քիլիս քաղաքի հարակից տարածք, որտեղ տեղակայված է տարբեր խմբավորումների հրամանատարական կազմը: Երկու օր անց մեզ տեղափոխեցին այլ վայր, որտեղ ներկա էր «Սուլեյման Շահ »խմբավորման գլխավոր հրամանատար Աբու Համշա մականունով անձը»,-նշել էր Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am