Էնթոնի Հոփքինսը՝ լավագույն դերասան, Ֆրենսիս Մակդորմանդը՝ լավագույն դերասանուհի. կայացել է «Օսկար» մրցանակաբաշխությունը
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օսկար» մրցանակաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը հանձնվել է Ֆրենսիս Մակդորմանդին («Քոչվորների երկիրը» ֆիլում կատարած դերի համար), իսկ «Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար»-ի է արժանացել Էնթոնի Հոփքինսը («Հայրը» ֆիլմում կատարած դերի համար):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Օսկար» 93-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը ԱՄՆ-ում: Այն հեռարձակվել Առաջին ալիքի ուղիղ եթերում:
«Լավագույն ֆիլմ անվանակարգում» «Օսկարի» է արժանացել «Քոչվորների երկիրը», որն այն ամերիկացիների մասին է, որոնք 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ կորցրել են իրենց տները և ստիպված են ճամփորդել երկրի տարածքով։ Ֆրենսիս Մակդորմանդին «Օսկար» է տրվել հենց այդ ֆիլմում կերտած դերի համար:
Իսկ Էնթոնի Հոփքինսը արձանիկին է արժանացել «Հայրը» ֆիլմի համար: 83 ամյա Հոփքինսը դարձել է ամենատարեց դերասանը, որն արժանանում է հեղինակավոր «Օսկար»-ի:
Լավագույն ռեժիսոր է համարվել Քլոյա Չժաոն «Քոչվորների երկիրը»-ը ֆիլմի համար:
«Լավագույն երգ» անվանակարգում հաղթել է «Պայքար քեզ համար» (Հուդան և Սև Մեսիան):
«Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգում մրցանակը տրվել է «Հոգի» անիմացիոն ֆիլմին, որը նաև լավագույն անիմացիոն ֆիլմ է համարվել:
«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում «Օսկար»-ը տրվել է «Մանկ» ֆիլմին: Այն մրցանակի է արժանացել նաև «Լավագույն բեմադրող նկարիչ» անվանակարգում:
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է համարվել Յուն Յո Ջոնը՝ «Մինարի» ֆիլմում դերակատարման համար:
Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Դենիել Կալույան «Հուդան և սև մեսիան» կինոնկարի համար:
Լավագույն վավերագրական ֆիլմ է համարվել «Իմ ութոտնուկ ուսուցիչը»:
«Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Կոլետտ»-ը:
Լավագույն արտասահմանյան ֆիլմ է ճանաչվել «Եվս մեկը»:
«Լավագույն սցենար» անվանակարգում հաղթել է «Խոստումնալից աղջիկը», իսկ «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում մրցանակը շնորհվել է «Հայրը» կինոնկարին: