Փորձագետներն անդրադարձել են ինտեգրացիոն գործընթացում Հայաստանի հնարավորություններին ու մարտահրավերներին 

Armenpress 10:00, 27 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար տնտեսագետները, քաղաքագետներն ու սոցիոլոգները համակարծիք են, որ Հայաստանի անկախ պետականության ամրապնդման եւ կայունության հաստատման լավագույն ճանապարհը ավելի ակտիվորեն և կառուցողական մոտեցումներով ներգրավվելն է Ռուսաստանի գլխավորած եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Անկախություն և ինքնիշխանություն. սպառնալիքներն ու մարտահրավերները ժամանակակից Հայաստանի համար» թեմայով գիտաժողովի ընթացքում Հայ-ռուսական համալսարանի գիտական գծով պրոռեկտոր, Ռուսաստանի մանկավարժական և սոցիալական գիտությունների և բնական գիտությունների ակադեմիաների լիիրավ անդամ Պարգև Ավետիսյանն ընդգծեց, որ միասնական տնտեսական տարածքում Հայաստանի ինտեգրումը մի շարք հնարավորություններ է բացում՝ ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ կառուցվածքային փոփոխությունների համար: 

   «ԵԱՏՄ-ին անդամակցելը պետք է դիվիդենտներ բերի ոչ միայն տնտեսության, անվտանգության, այլ նաև հումանիտար ոլորտներում՝ մշակույթ, կրթություն, ազգային ինքնության պահպանում և այլն: Ուստի, ԵԱՏՄ հետագա զարգացման համար անհրաժեշտ է նաև հումանիտար համագործակցություն՝  կրթության, գիտության, մշակույթի և տեղեկատվության միասնական տարածքի ձևավորում, որը հիմք կդառնա Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում ընդհանուր աշխատաշուկայի ձևավորման համար»,-ասաց Ավետիսյանը։ Նրա խոսքով՝  ՀՀ կրթության ոլորտում պետական քաղաքականության ամենակարևոր գերակայությունը պետք է լինի նաև ԵԱՏՄ երկրների հետ համագործակցությունն ու մասնակից մյուս երկրների հետ համատեղ, կրթական ընդհանուր տարածքի ստեղծումը: Ըստ բանախոսի՝ այն հնարավորություն կընձեռի, պահպանելով կուտակված դրական փորձը, բարեփոխել Հայաստանի կրթական համակարգը՝ տեղեկատվական հասարակության կրթության նոր նորարարական պարադիգմին համապատասխան: 

«Բարձրագույն կրթության ոլորտում ԵԱՏՄ երկրների ինտեգրումը, առաջին հերթին, պետք է օգնի դեռ ձևավորվող կրթական շուկայի ստեղծմանը, հետևաբար, ինչը հրատապ անհրաժեշտություն է դարձնում երկրների միջև սերտ համագործակցության հաստատումը: Ավելին, եվրասիական գիտակրթական տարածքը կծառայի տնտեսական համագործակցության ձևավորմանն ու հիմքերի ամրապնդմանը և կրթական ճգնաժամերը հաղթահարելու հնարավորություն կստեղծի»,-պարզաբանեց զեկուցողը՝ հավելելով, որ Հայաստանը, որպես հետխորհրդային ու  եվրոպական բարձրագույն կրթության ավանդույթները համատեղող երկիր, ներկայում բախվում է այն բարեփոխելու անհրաժեշտությանը: 

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանն իր զեկույցում անդրադարձավ մասնավորապես անվտանգ և կայուն հասարակություն ունենալու և  զարգացող տնտեսություն ստեղծելու հնարավորություններին:

«Եվրասիական ինտեգրման գործընթացին Հայաստանի Հանրապետությանը բանական այլընտրանք չկա»,-համոզմունք հայտնեց փորձագետը՝ հավելելով, որ կառուցողական ոգեղեն բովանդակություն պետք է հաղորդել հայ-ռուսական ռազմավարական դաշինքի զարգացմանը, որովհետև միայն Ռուսաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային-հումանիտար աճող ներկայությունն է Հայաստանում ի վիճակի նվազագույնի հասցնելու թուրք-ադրբեջանական սպասվող տնտեսական, այնուհետեւ էլ քաղաքական էքսպանսիայի հետևանքները: 

Հայ-ռուսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանը և քաղաքական գիտությունների թեկնածու, փորձագետ  Նորայր Դումալյանը համատեղ զեկույցում նշել են, որ հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացները Հայաստանը դիտում էր որպես տնտեսական և առևտրային ներուժն իրացնելու հնարավորություն: Դրանից ելնելով ՝ ինտեգրման սկզբունքը եղել և մնում է արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը: Հետպատերազմյան պայմաններում այս սկզբունքն ավելի արդիական է դառնում, քանի որ պատերազմում կրած պարտությունը հանգեցրեց Հայաստանի առավել խոցելի դիրքի ՝ աշխարհաքաղաքական նոր կազմաձևերի մարտահրավերների առջև:

Արդյունքում, Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգը, անկախ ԵԱՏՄ և ՀԱՊԿ այլ երկրների երկկողմ կամ բազմակողմ հարաբերությունների համատեքստից, դառնում է ընդհանուր մարտահրավեր այդ ինտեգրացիոն ասոցիացիաների մասնակից բոլոր պետությունների համար: 

Մասնավորապես փորձագետ Դումալյանի դիտարկմամբ՝ հետպատերազմյան կարգավորման գործընթացում փոփոխություններ են կատարվել, և առկա իրավիճակը կարելի է դիտարկել մի քանի բլոկների շրջանակներում: Դրանցից փորձագետն առանձնացրեց մասնավորապես ՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հնարավոր հետևանքները, ՌԴ-Հայաստան-Արցախ անվտանգության ընդհանուր տարածքի ձևավորումը, Սյունիքի մարզի անվտանգության ապահովումն ու տնտեսական ծրագրերում Իրանի ներգրավումը, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կայունացումը և երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում Թուրքիայի Հանրապետության ազդեցության աճի կանխումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am