Դմանիսում սվանների և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Armenpress 13:56, 17 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի Դմանիս քաղաքում մայիսի 16-ին  սվանների և ադրբեջանցիների միջև տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական լրատվամիջոցները,  ծեծկռտուքին մասնակցել է առնվազն երեք տասնյակ մարդ, որոնք զինված են եղել մահակներով, փայտե և երկաթե ձողերով։ Երեկոյան իրավիճակը սրվել է, իսկ մթերային խանութը, որի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, ավերվել է։ Դեպքի վայր են ժամանել Վրաստանի ուժայինները։

Միջադեպի մանրամասները պատմել է ավերված խանութի վաճառողուհի Սայիդ Իսմայիլովան։ Նրա խոսքով ՝ խանութ են մտել երիտասարդները եւ խնդրել պարտքով գարեջուր տալ։ Կինն ասել է, որ առանց սեփականատիրոջ թույլտվության չի կարող դա անել, որից հետո սկսվել է վիճաբանությունը։ 

Զանգվածային ծեծկռտուքի հետեւանքով տուժածների մասին տվյալներ չկան։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am