Covid19-ի պատվաստանյութերի արտադրման արդյունքում աշխարհում միլիարդատերերի թիվն ավելացել է 9-ով. նրանց շարքում է Նուբար Աֆեյանը

Armenpress 11:57, 22 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրմամբ զբաղվող դեղագործական ընկերությունների եկամուտների ավելացման շնորհիվ աշխարհում 9-ով ավելացել է նոր միլիարդատերերի թիվը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է The People's Vaccine Alliance շարժման զեկույցում: Շարժման մեջ են մտնում տարբեր իրավապաշտպան, հումանիտար ու առողջապահական կազմակերպություններ:

Մասնավորապես, նոր միլիարդատերերի շարքում է ամերիկյան Moderna ընկերության  համահիմնադիր Նուբար Աֆեյանը, գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը, ներդրողներ Տիմոտի Սպրինգերն ու Ռոբերտ Լանգերը: Ցուցակում են նաև BioNTech-ի ղեկավար Ուղուր Շահինը, իսպանական Rovi դեղագործական ընկերության տնօրեն Խուան Լոպես-Բելմոնտեն և չինական CanSino Biologics ընկերության երեք համահիմնադիրներ:

Հաղորդվում է, որ նոր միլիարդատերերի գումարային կարողությունը հասնում է 19.3 միլիարդի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am