ԿԲ նախագահը կանխատեսում է սպառողական վարկերի նվազում, հիփոթեքային վարկերի աճ

Armenpress 15:58, 26 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այս տարվա ընթացքում ակնկալում է սպառողական վարկերի որոշակի նվազում, սակայն հիփոթեքային վարկերի աճ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանն այս մասին ասաց ԱԺ-ում Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկմանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանի հարցին:

ԿԲ-ն հունվար-փետրվարին Հայաստանի բոլոր առևտրային բանկերի ղեկավարների հետ քննարկել է իրենց ռազմավարական պլաններն ընթացիկ տարվա համար: Համակարգից ստացած հիմնական ազդակներն այն են եղել, որ համակարգն այս տարվա ընթացքում փորձելու է լինել պահպանողական՝ մասնավորապես սպառողական վարկերի մասով:

«Անցյալ տարի բնակչության եկամուտների 8 տոկոս անկում ենք ունեցել: Ուստի, իրենք որոշել են, որ խստացնելու են տրամադրվող վարկերի որոշ պայմաններ, ինչպես նաև կարող են տոկոսադրույքի որոշակի վերանայում իրականացնել, ինչը կազդի սպառողական վարկերի նկատմամբ պահանջարկի վրա: Իմ գնահատականների համաձայն՝ մենք այս տարվա ընթացքում կունենանք սպառողական վարկերի որոշակի նվազում, բայց կունենանք հիփոթեքային վարկերի աճ»,-ասաց Գալստյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am